««Լուսավոր Հայաստան»-ը մանևրում է. չե՞ն տեսնում, որ այս հարցում իսկապես կա շահերի բախում».  Շաքե Իսայան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի համոզմամբ՝ հանրաքվեի գործընթացին չմասնակցելու մասին իրենց խմբակցության որոշումը շատ ճիշտ է, քանի որ իշխող ուժի՝ հանրաքվեի  նախագծի վերաբերյալ իրենց առաջարկած բոլոր այլ տարբերակները չեն արժանացել ուշադրության, իսկ իրենց  կառուցողական  առաջարկները մնացել են անարձագանք։

«Մենք որոշեցինք ձեռնպահ մնալ և մեր մասնակցությունը չունենալ այն գործընթացում, որի վերաբերյալ ի սկզբանե բազմաթիվ խնդիրներ կան»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Իսայանը՝ նշելով, որ կուսակցությունն ինչպես հանրաքվեի նախագծի՝ շրջանառության մեջ դնելուց հետո, այնպես էլ՝ դրանից հետո որևէ կաշկանդվածություն չի ունեցել իր դիրքորոշումը հստակ արտահայտելու համար։

«Հերյուրանք են այն լուրերը, թե գործարար շրջանակներով ենք կաշկանդված։ Դա արհեստական ու կեղծ օրակարգ է՝ մեզ համար հասկանալի և ենթադրելի շրջանակներից»,- ասաց  Իսայանը՝ հրաժարվելով  փակագծեր բացել այդ շրջանակների վերաբերյալ։

Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության տարբեր պատգամավորներ անընդհատ խոսեցին հանրաքվեի մասին օրենքի հակաիրավական և հակասահմանադրական լինելու մասին, սակայն, խոսելուց բացի, գործ չարեցին, մասնավորապես՝ չմիացան «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար, Շաքե Իսայանը պատասխանեց.

«Ինձ համար տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս հարցում փորձում է մանևրել, չե՞ն տեսնում շահերի բախում։ Իրենք բոլոր օրենսդրական նախաձեռնությունների հարցում առաջ էին տանում շահերի բախման հարցը, բայց այս հարցում  դա չե՞ն նկատում։ Իսկապես կա շահերի բախում, և այստեղ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, հետևաբար՝ մենք մնում ենք ձեռնպահ։ Եթե  կա շահագրգիռ կողմ, մնացածը դառնում է ձևական, ուստի տարօրինակ է, որ մեր գործընկերներն այս հարցում մոռանում են այդ մասին»:

Պատգամավորը համամիտ չէ իշխող խմբակցության պատգամավորների այն դիտարկումների հետ, որ, եթե քաղաքական ուժը չի ձևավորում «Ոչ»-ի շտաբ, միևնույն է, այդ շտաբում է դե ֆակտո ողջ գործիքակազմն օգտագործվելու է «Ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու համար։

«Չեմ կիսում այդ տեսակետը, չմասնակցելը ձեռնպահ մնալ է ընդամենը նշանակում,  և դա  մեր դիրքորոշումն է։ Մենք շարունակում ենք պնդել, որ առաջնորդվելու ենք մեր սեփական օրակարգով, այն է՝ առանց ժողովրդին խմբերի բաժանելու՝ բարելավել քաղաքացու կյանքը։ Գիտեք, ես բազմաթիվ անգամներ լինում եմ մարզերում, երբևէ որևէ քաղաքացի չի  դիմել Սահմանադրական դատարանի հարցով, դիմում են սոցիալական ամենատարբեր խնդիրներով, և այս պատկերն է, որ թույլ է տալիս ինձ եզրակացնելու, որ իրապես այլ խնդիրներ են պահանջում առաջնային լուծումներ»,- ասաց  Իսայանը։

Ըստ Իսայանի՝ թեև իրենք հանրաքվեի քարոզարշավին չեն մասնակցելու, սակայն պարապուրդի էլ չեն մատնվելու և բարձրաձայնելու են հասարակությանը հուզող իրական խնդիրները։

«Պատրաստվում ենք խորհրդարանական լսումներ հրավիրել բալային համակարգի վերաբերյալ, որովհետև մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում, խնդրում իրենց օգնել։ Քննարկումներ ենք պատրատվում իրականացնել նաև բանկային համակարգի, գյուղատնտեսական վարկերի, սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ»,- ասաց  ԲՀԿ-ական պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս