«Մեր տեղեկություններով` համայնքապետերի վրա ձայներ հավաքելու «պլան» է դրված». Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կասկածում է, որ գործող իշխանությունը կարողանալու է Սահմանադրական հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ 650.000 քվե ապահովել.
«Այդքան կողմ ձայն հավաքելը գործնականում անհնար է՝ հաշվի առնելով, որ սա անձերի ընտրություն չէ, հանրաքվեների նկատմամբ մեր հասարակությունն ավելի պասիվ է, շատ պարզունակ և չհիմնավորված հարց է դրված՝ անձերի փոփոխության, որը ապօրինի կերպով է արված, և իշխանության վարկանիշային անկումը, որը գրանցվում է: Սա ընդամենը մեկ մարդու քաղաքական նկրտումների և հոգեկան կապրիզների հետևանք է, շատերը չեն հասկանում դրա անհրաժեշտությունը և չեն գնալու»:
Անդրանիկ Թևանյանը պնդում է՝ արդեն ունեն տեղեկություններ, որ կիրառվում է վարչական ռեսուրսը՝ հանրաքվեում ցանկալի արդյունք գրանցելու համար: Մասնավորապես, թիրախում համայնքներն են: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավարը պատահական չի համարում, որ «Այո»-ի շտաբի ղեկավար է ընտրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեծ շեշտ է դրվելու վարչական ռեսուրսի վրա, ամենայն հավանականությամբ, գործ ենք ունենալու կեղծիքների հետ: 2018-ի խորհրդարանական ընտրություններին ևս վարչական ռեսուրս կիրառվել է, ուղղակի այն ժամանակ, կապված մթնոլորտի հետ, ոչ ոք չխոսեց այդ մասին: Հիմա համայնքապետերի վրա «պլան» է դրված, որ այսքան քանակի ձայն ապահովեն»:
Թևանյանն ասաց՝ փաստերը կներկայացնեն այն ժամանակ, երբ շտաբներն արդեն ձևավորված լինեն, հիմա աղբյուրներ բացահայտել չեն ուզում, փոխարենը՝ առաջարկում է մերժել տեղի ունեցող գործընթացը, և դրա համար երեք տարբերակ է առաջարկում.
«Առաջարկում եմ բոյկոտել, չմասնակցել, եթե պարտադված են, ստիպված են գնալ ընտրատեղամաս, ապա քվեախցիկում իրենք մենակ են, ինքնուրույն են որոշում կայացնում, «Ոչ» քվեարկեն, կամ անվավեր դարձնեն իրենց թերթիկները»:
Հեղափոխությունից հետո մենք ստացել ենք գործադիրից անկախ գործող ՍԴ, պնդում է Թևանյանը և ավելացնում, որ դա ձեռքբերում է, որն ուզում են խլել.
«Իրենք դեմագոգիկ հայտարարություն են անում, թե՝ «Ժողովո՛ւրդ, ձեզանից ուզում են խլել հեղափոխությունը», իրականում դա ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուզում է ժողովրդի ձեռքից խլել հեղափոխության արդյունքում ձևավորված անկախ Սահմանադրական դատարանը»։