«Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան». Էդուարդ Շարմազանով
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ
– Պարոն Շարմազանով, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք․ «Այո ասելով հանրաքվեին՝ այո եք ասելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, բացարձակ բռնապետության հաստատմանը։ Սա Փաշինյանի հերթական կեղծ օրակարգն է»: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս համոզմունքը:
– Համոզմունքս պայմանավորված է և հիմնված է փաստերի վրա, շուրջ երկու տարվա ապաշնորհ կառավարման և հակապետական գործողության վրա, որն իրականացվում է Փաշինյանի նեոբոլշևիկյան ռեժիմի կողմից: Փաշինյանը եկել է իշխանության շանտաժով, հայտարարելով, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, այնուհետև Փաշինյանը 2018թ. օգոստոսի 17-ին խոսել է բռնապետական բառապաշարով, ԱԱԾ-ով վախեցնելով, ասֆալտին փռելով, սև ու սպիտակի բաժանելով: Հոկտեմբերի 2-ին արշավել է ԱԺ վրա, կոպտորեն խախտելով իշխանությունների տարանջատման սկզբունքը: Դեկտեմբերի 9-ի ընտրություններին իրականացրել է ատելության քարոզ: Այդ ամբողջ ընթացքում իրականացրել է քաղաքական ձերբակալություններ ու քաղաքական բռնաճնշումներ: Արդեն նախորդ տարվա մայիսի 19-ին Փաշինյանն աննախադեպ գործողություն իրականացրեց՝ անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը, որը քրեորեն պատժելի արարք է: Այնուհետև նա փորձեց կաշառել ՍԴ դատավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունեց դատավորներին կաշառելու մասին օրենք, դա էլ չստացվեց: Այդ ամբողջ ընթացքը համեմվեց պղծության և համասեռամոլության քարոզով. Մենք տեսանք, որ ԱԺ ամբիոնը Փաշինյանի իշխանության շրջանում վերածվեց տրանսգենդերության քարոզի, և հենց այդ տրանսգենդերը, որը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, ինքն է ասել, որ նախորդ իշխանության օրոք անհնար էր նման բան, որ տրանսգենդերության քարոզ տեղի ունենար ԱԺ ամբիոնից, և նշեց, որ սա իրենց հեղափոխության հաղթանակներից մեկն է:
Հետևաբար, ես հայտարարում եմ, որ ով «այո» է ասում այս հանրաքվեին, «այո» է ասում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, հակապետական և ապազգային քարոզին:
– Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ «այո» ասելով՝ մերժում են կոռուպցիոներներին:
– Գիտե՞ք ինչ կա՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց նա էլ ասելու տեղ չունի, որովհետև հեղափոխությունից առաջ ասում էր՝ կարմիր գծերը պետք է մերժենք, տեսախցիկները պետք է մերժենք, կուտակային կենսաթոշակները պետք է մերժենք, հիմա հերթով՝ 2 տարի անցել է՝ կարմիր գծերը կան, տեսախցիկներն ավելացել են, կուտակային կենսաթոշակները խելոք մուծում են: Ասում էր՝ իշխանությունները պետական բյուջեն անարդյունավետ են ծախսում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 350 հազար դոլար տրամադրում է ԱՄՆ մեկնելու համար այն դեպքում, երբ մեր իշխանությունը այդ 350 հազար դոլարը վճարում էր սիրիահայերի ներգաղթի համար: Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլի հրապարակումների՝ 1 մլն է ծախսում իր տան վերանորոգման համար, 3 մլն վարչապետից թաքուն իր նախարարների աշխատավարձերն է բարձրացնում և գլուխ է գովում, որ թոշակառուների թոշակները 3-4 հազար դրամով ավելացրել է:
– Դատելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից՝ այս հանրաքվեի հիմքում ևս դրված է նախկիններին մերժելու գաղափարը: Այս անգամ կաշխատի՞ այդ տեխնոլոգիան:
– Նախկինը, ներկան և ապագան արհեստական բաժանումներ են: Իսկ ո՞վ է նախկինը:
– Դուք:
– Մե՞նք: Ո՞վ է ասել: Մենք ապագան ենք: Նախկինը Նիկոլ Փաշինյանն է, որը մեր իշխանության օրոք եղել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար, եղել է ԱԺ ղեկավար կազմի խորհրդի անդամ, նախկինը նրա կառավարության կեսն են: Եթե նախկինը այդքան վատն է, և նկատի ունի մեզ, մի հատ կառավարության նիստը նայեք՝ մեզնից թռածներին իր մոտ վերցրել է նախարար: Էդ ո՞նց եղավ, որ ով մեզ, մեր սկզբունքներին դավաճանել է՝ նախկին չէ, իսկ ով իր սկզբունքներին է մնացել և դըմփ-դըմփ-հու-ին չի ծափահարել՝ նախկին է: Ինձ համար նախկինի ու ներկայի մեկ բաժանում կա՝ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո: Կարող ես լինել 70 տարեկան, բայց լինել կենսունակ և մրցունակ, կարող ես լինել 1.5 տարվա վարչապետ, բայց լինել քաղաքական զրո:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց ընտրական տուրիզմի մասին. «Արտերկրում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան քվեարկելու համար, և մենք ոնց որ թե ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»: Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում անդրադարձաք նաև այս հայտարարությանը՝ նշելով. «Լսի,այ ընկեր, մեր հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ, որ հիմա էլ «ընտրական տուրիզմ» փորձարկես»: Դուք ինչո՞ւ նման փորձարկումներ չէիք անում, ինչո՞ւ ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիներին մի քանի օրով որպես տուրիստ չէիք հրավիրում հայրենիք:
– Որովհետև մեզ համար հայրենիքը հայրենիք է, ոչ թե հյուրանոց, որ գան ու գնան: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հենց էն բոբո հանրապետականները չլինեն, հենց Շարմազանովն ԱԺ-ում նստած չլինի, աննախադեպ ներգաղթ է լինելու, բա ո՞ւր է այդ ներգաղթը: Հիմա էլ տեսնում է, որ Հայաստանում ինքը ձախողումը ձախողման հետևից է անում, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը ճտիկով գրիչ է, ուրիշ բան չունի, և հույսը դրել է արտերկրում ապրող ժողովրդի վրա, որոնք այստեղ չեն ապրում, տեղյակ չեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, դրսից «լայք» են անում, հիմա հույսը դա է, և ասում է՝ եկեք-գնացեք: Գոնե, որ ասի՝ եկեք՝ մնացեք, կասեմ՝ ոչինչ, մարդը ներգաղթի կոչ է անում: Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան:
Ինչ վերաբերում է այս հանրաքվեին՝ այն ոտքից գլուխ հակասահմանադրական, հակաօրինական է: Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ Հիտլերի, Ֆրանկոյի և այլ բռնապետների ճանապարհով և փորձում է գնալ բացարձակ բռնապետության:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում