718 միլիոն դրամ՝ Մարզահամերգային համալիրն արդիականացնելու համար. մրցույթում հաղթած ընկերությունները հայտնի են
Կառավարությունն այսօր 718 միլիոն 489 հազար դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» սահադաշտի բարելավման, գույքի ձեռքբերման, կահավորման և տեխնիկական վերազինման համար:
Մասնավորապես՝ 718 միլիոն 489 հազար դրամով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, երաժշտական գործիք (ռոյալ), ձայնային սարքավորումներ, լուսային սարքեր և էլեկտրական լամպեր։
Նշենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվել են գնման մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ ընկերությունները.
1. Լուսադիոդային լուսատուների ձեռք բերելու նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ՝ 164,839,849.74 դրամ արժեքով (ներառյալ՝ ԱԱՀ)։
2. սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ռուսական «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ՝ 126,832,471 դրամ արժեքով։
Հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից, 25,366,494 դրամ ԱԱՀ-ն վճարելու է Պատվիրատուն՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի:
3. Ձայնային սարքավորումների ձեռքբերման նպատակով «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ՝ 141,385,000 ՀՀ դրամ արժեքով:
4. Լուսային սարքերի և էլեկտրական լամպերի ձեռքբերման նպատակով՝ ըստ չափաբաժինների հաղթողներ են ճանաչվել. «ԱԷՍ Սիսթեմս ՍՊԸ-ն և «Օվացիա» Պրոդյուսերական կենտրոն ՍՊԸ-ն՝ 23,601,288 ՀՀ դրամ արժեքով, «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն՝ 8,730,000 ՀՀ դրամ արժեքով, «Բրիդջ» ՍՊԸ-ն՝ 109,679,360 ՀՀ դրամ արժեքով, «Ֆոր Ստեյջ» ՍՊԸ-ն՝ 34,054,795 ՀՀ դրամ արժեքով:
5. Ռոյալի գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվել հայտ չներկայացնելու հիմքով։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հարցումներ է կատարել տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ պարզելու համար գնման առարկայի, մասնավորապես՝ «Steinway and Sons» ընկերության արտադրության D-274 ռոյալի ձեռքբերման գինը։
Գնային ամենացածր առաջարկը ներկայացրել է հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունը՝ 84,000,000 դրամ։