Ո՞ր կազմակերպություններին կառավարությունը 160 միլիոն դրամ կհատկացնի Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար
Փետրվարի 13-ին կայացավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ըստ egov.am կայքում հրապարակված օրակարգի, ընդգրված էր 35 հարց, իսկ մեկը հանված էր օրակարգից։
Նիստի ընթացքում, սակայն, հարցերից ընդամենը թվով 6-ը դարձան զեկուցվող։ Նշենք, որ նիստը տևեց մոտ 40 րոպե. այն վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է։
Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգում ընդգրկված հարցերից, այսօր Կառավարությունը որոշել է 160 միլիոն դրամ հատկացնել հասարակական երկու կազմակերպությունների՝ Արցախում 2020թ. մարտին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացման համար։
160 միլիոն դրամը հատկացվեց վարչապետի աշխատակազմին: Չզեկուցվող նախագծից տեղեկանում ենք, որ գումարը հատկացվելու է դրամաշնորհային մրցույթի միջոցով հաղթած երկու հասարակական կազմակերպությունների։
Դիտորդական առաքելությամբ հետաքրքրված կազմակերպությունների մրցույթը դեռ չի անցկացվել, հաղթող հասարակական կազմակերպությունները դեռ հայտնի չեն, սակայն կառավարությունն արդեն այդ նպատակով 160 միլիոն դրամ է հատկացնում վարչապետի աշխատակազմին։
Նշենք, որ ավելի վաղ էլ հեղափոխական կառավարությունը գումար էր հատկացրել դարձյալ երկու հասարակական կազմակերպությունների՝ դարձյալ Արցախում՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար. այն ժամանակ գումարը կազմում էր 33 մլն դրամ։
Այդ գումարը կառավարությունը փոխանցել էր Հայաստանում գործող և դիտորդական առաքելություն կատարող երկու կազմակերպությունների՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորած «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին (16 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին (17 մլն դրամ)։
Հետևենք գործընթացներին. չի բացառվում, որ այս անգամ ևս նշյալ 160 միլիոն դրամը բաշխվի այս երկու կազմակերպությունների միջև: