«Հայրապետյանի մեքենան ոչ իրավաչափ կերպով պահվում է 6-րդ վարչությունում». Ամրամ Մակինյան

Այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման էր ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր վերջինի փաստաբան Ամրամ Մակինյանը: Իր պաշտպանյալի բերման ենթարկվելու մասին Մակինյանն իմացել էր հենց Հայրապետյանից, հեռախոսազանգի միջոցով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՖՖ նախկին նախագահի հետ բերման էին ենթարկել նաև նրա ընկերներին, որոնք այդ պահին իր հետ են եղել: Ոստիկանության լրատվության բաժինը հայտնել էր, որ նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կասկածանքով: 3 ժամ անց Հայրապետյանին և ընկերներին ազատ արձակեցին: Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանց մոտ ապօրինի որևէ բան չի հայտնաբերվել, փոխարենը՝ Ոստիկանությունը 6-րդ վարչությունում է պահել այն երկու մեքենաները, որոնցով երթևեկել են Հայրապետյանն ու ընկերները:

«Ռուբեն Հայրապետյանի մեքենան Ոստիկանությունը մեզ չի տրամադրում, այն ոչ իրավաչափ կերպով պահվում է 6-րդ վարչությունում: Պատճառաբանությունը հետևյալն է, որ՝ թույլ տվեք զննենք: Մենք թույլ չենք տալիս զննեն: Չի կարող այդպես լինել, որ պետությունն իր լիազորություններն օգտագործի կամակորությամբ՝ «թույլ տվեք զննենք», բերման ենթարկեն «անոնիմկաների» հիման վրա: Սա 37 թիվը չէ»,- ասաց փաստաբանը:

Ամրամ Մակինյանը հայտնեց, որ իրավապահ մարմինները մեքենայի զննություն իրավունք ունեն կատարելու միայն այն դեպքում, եթե կա անձի համաձայնությունը, կամ դատարանի որոշումը: Երկուսն էլ այս պահին առկա չեն:

Մակինյանը հայտնեց, որ դեպքի առթիվ դիմելու են Դատախազություն, որն իրականացնում է հսկողություն հետաքննության օրինականության նկատմամբ, և բացատրություններ են պահանջելու Ոստիկանությունից, թե ինչո՞ւ է անձի գույքը փաստացի արգելափակված: Լրագրողի հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ իրենց բացակայությամբ մեքենան զննվի, Մակինյանը պատասխանեց.

«Մենք որևէ մտավախություն չունենք, թե ի՞նչ կարող են անել մեր բացակայությամբ, քանի որ ամեն ինչ արվում է մեր բացակայությամբ: Բացառում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը կարող է ունենալ ապօրինի զենք կամ թմրանյութ: Հանրային միջոցները վատնվում են ինչ-որ անձանց կամակորությունները կատարելու համար: Հայրապետյանը անուներ նշեց, ես չկրկնեմ, դրանից ավելի չի հստակեցվի որևէ բան, շատ ակնհայտ է՝ ի՞նչ է կատարվում, սա որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում: Փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել, ուղղակի վեկտորները սխալ են ընտրված, Ռուբեն Հայրապետյանը այն մարդը չէ, ում կարելի է վախեցնել»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ օգտագործվել է թույլատրելի առավելագույն ժամանակը Հայրապետյանին Ոստիկանությունում պահելու համար: Նրա խոսքով՝ որևէ իրավական հիմք չկար իր պաշտպանյալին անգամ մեկ րոպե ավելի Ոստիկանությունում պահելու:

Տեսանյութեր

Լրահոս