Ինչո՞ւ էին «Ադեկվադ»-ներն ուզում նավթի տակառներ հանձնել Արմեն Սարգսյանին

«Ադեկվադ» միաբանության անդամներն ակցիա էին իրականացնում Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրի դիմաց: Նրանք նավթի տակառներ էին բերել՝ հանձնելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ոստիկանների հետ զրույցում Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ասացին, որ սպասում են՝ նախագահն իջնի ու պատասխանի՝ ընդունո՞ւմ է իրենց բերած նվերը, թե՞ ոչ:

Լրագրողների հետ զրույցում էլ Արթուր Դանիելյանը նշեց, որ նախագահի անձնական բիզնես շահերը հակասում են հայկական երկու պետությունների անվտանգային շահերին, քանի որ վերջինս փայաբաժին ունի, ինչպես իրենց հայտնի է դարձել, ադրբեջանական գազային ու նավթային ենթակառուցվածքներում:

«Մենք այս մարդուն ասում ենք՝ հասկանում ենք, որ դու այնտեղից փող ես աշխատում: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք տեսականորեն հնարավոր է փոխհատուցել այդ գումարները, որ ինքը հրաժարվի այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սպասարկելուց»,- ասաց Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ պատրաստ են բանակցել, փոխհամաձայնության գալ փոխհատուցման շուրջ, որ Արմեն Սարգսյանը գոնե իր մասով չազդի բանակցային գործընթացի վրա:

Ակցիայի ավարտին միաբանության անդամները տակառները թողեցին Բաղրամյան 26-ի մոտ ու խոստացան իրենց գործողությունները շարունակել մեկ ամիս անց, երբ իրենց կպատասխանեն՝ արդյո՞ք նախագահը պատրաստ է այդ ծավալների ծանրոցներ ընդունել:

Տեսանյութեր

Լրահոս