«Ո՞նց է լինում, որ ոչ ոք չի հարցնում, թե՝ տիկին, այդքան գումար քեզ որտեղի՞ց». Մարգարիտա Խաչատրյանը՝ Սիլվա Համբարձումյանին
«Չի կարելի զոհված ազատամարտիկի ընտանիքին թիրախ դարձնել: Մենք այս պետությանը տվել ենք ամենաթանկը: Ուզում են քաղաքականացնել, չգիտեմ ինչերի հետ համեմատել, սխալվում են… մենք մի քաղաքական դաշտ ունենք, ու դա Եռաբլուրն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու այրիների՝ Կառավարության մոտ հավաքվելուն՝ նշեց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:
«Մենք բացարձակ հաշվի չենք նստում ֆեյքերի կարծիքի հետ: Պահանջում ենք այն, ինչը որ պետք է պահանջենք: Մենք պետությունից արժանապատիվ մոտեցում, հարգալից վերաբերմունք ենք ուզում, ողորմություն չենք ուզում: Իսկ ոմն Սիլվա Համբարձումյան, մինչև տիկին Մարգարիտային վարկաբեկելը (նկատի ունի «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին.- Ա.Կ.), թող անդրադառնա իր անցյալին ու ներկային, տեսնի, թե ինքն ո՞վ է: Տիկին Մարգարիտան, ամեն դեպքում, կանգնած է եղել բանակի կողքին՝ որպես հզոր կին, ոչ մեկը չի ապտակել տիկին Մարգարիտային՝ ի տարբերություն իրեն: Տիկին Մարգարիտան երբեք մի ձեռքով կաշառք չի վերցրել, մյուսով չի նվիրել: Թող իրեն թափ տա ու հասկանա, որ իրեն իրավունք չի տրվել, որ զոհվածների ընտանիքների հասցեին հայհոյանքով խոսի: Իր գրածը վրդովմունք է առաջացրել՝ ո՞վ ես դու»,- խոսքն ուղղելով Սիլվա Համբարձումյանին՝ ասաց Սաթիկ Խլղաթյանը:
Շարունակելով նրա խոսքը՝ Մարգարիտա Խաչատրյանը նկատեց.
«Ո՞նց է լինում, որ մի նախագահից մյուսին կաշառք է տալիս, Սուրիկ Խաչատրյանը ռեստորանում ապտակ է տալիս, ոչ ոք չի հարցնում, թե՝ տիկին, այդքան գումար քեզ որտեղի՞ց: Գրկից գիրկ գնացել, հղի ես մնացել, ո՞ւմ հետ ես համեմատվում, որդեկորույս մայրերի հե՞տ: Նրան, ում ամուսինն ու տղան չկան, դու գրում ես՝ թուրքի կի՞ն: Ես ապարանցու աղջիկ եմ, հարս, իմ հողի վրա թուրքը ոտք չի դրել, ես հպարտությամբ կարող եմ ասել՝ թասիբիդ մեռնեմ, Ապարան: Քո հասցեն ու համարը գտի, համարիդ տակ էլ մտի, տիկին ջան, ինձանից հեռու»:
Անի Կարապետյան