««Վնգստացող դատավորներ» տերմինը շրջանառվելու իրավունք չուներ». Անդրանիկ Գրիգորյան

«Վնգստացող դատավորներ» տերմինը շրջանառվելու իրավունք չուներ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դատական համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է:

«Դատական իշխանության անկախությունն անանց արժեք է: Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հրահանգը և այս երիտասարդների կողմից դատարանի գործունեությունը հասարակական տեսանկյունից սահմանափակելու փորձերը մեր կողմից ընդունելի չեն: «Վնգստացող դատավորներ» տերմինը, չգիտեմ՝ ո՞վ է դրել շրջանառության մեջ, բայց այն շրջանառվելու իրավունք չուներ: Երկրում առկա դատաիրավական փոփոխությունների այս փաթեթը պետք է գնա միայն ու միայն իրավական ճանապարհով: Երիտասարդներին քրեական պատասխանատվության ենթարկելն իրավական գործընթաց է, և այս պահի դրությամբ ոչ ոք ոչ մեկին չի դատում 5 տարի: Ես կողմ եմ, որ նման հարցերն իրավական լուծում ստանան»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև իրենց կուսակցության առանցքային թեզերից մեկին՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Անդրանիկ Գրիգորյանն ասում է՝ հայկական երկու պետությունների ղեկավարների միջև հակասություններ են նկատել:

«Հայկական երկրորդ պետության հռչակումը շարունակում է մնալ մեր առանցքային ծրագրերից մեկը, ցավոք, ՀՀ-ի կողմից Արցախը դեռևս չճանաչված է:
Մենք անցած ամիսների ընթացքում պատիվ ունեցանք հանդիպել Արցախի ղեկավարության հետ: Մեզ մոտ տպավորություն էր ստեղծվել և շատ ենք ուզում, որ այդ տպավորությունը թյուր լինի, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների մեջ անհամաձայնություններ կան: Դրա առարկայական արտացոլումը, սակայն, ներքաղաքական դաշտում մենք չենք տեսել, կարծում ենք՝ միասնական գործելու իմպերատիվը կախված է մեր երկու ժողովուրդների գլխին, հայկական երկու պետությունները պետք է գործեն համագործակցված: Սա պետական հրամայական է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս