Առաջարկվել է փաստեր ներկայացնել Թովմասյանի դեմ և ազատ արձակվել

Հեղափոխական իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ազատվելու  Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանից։

Օրեր առաջ, ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ կայքում հրապարակել էր  նախագիծ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով: Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար որպես հիմք՝ իշխող քաղաքական ուժը նշել է կարգապահական խախտում կատարելը: Իրավաբանները, սակայն, նախագծով հասարակությանը ներկայացված պատճառները հիմնազուրկ են համարում, առավել ևս, երբ իշխանափոխությունից անմիջապես հետո և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նրա պատգամավորները, միմյանց հերթ չտալով, բոլոր հնարավոր առիթներով, հրապարակավ հայտարարում էին, որ Հրայր Թովմասյանն իրենց համար անցանկալի անձ է։ Այդ իսկ պատճառով, ակնհայտ է, որ այդ վարույթի իրական նպատակն է՝ ազատվել անցանկալի անձից:

Այս ամիսների ընթացքում պետական ողջ համակարգը գործի է դրվել Հրայր Թովմասյանի և նրա մերձավորների դեմ նյութեր հավաքագրելով, գործեր հարուցելով։ Օրեր առաջ էլ հայտարարվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, և որոշում է կայացվել նրան նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ն. Փանոսյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց՝ զննման։ Եվ քանի որ Փանոսյանի ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել, վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ձերբակալվել էր Հրայր Թովմասյանի մեկ այլ սանիկը՝ Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը։ Նա կասկածվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցների վատնման մեջ։

Մինչ նախաքննությունը կավարտվի, և գործը դատարան կհասնի՝ իշխանության ներկայացուցիչները վերջնական դատավճիռ են կայացնում։ Ընդ որում, այլևս կարևոր էլ չէ՝ ճի՞շտ են ներկայացնում պատկերը, թե՞ սխալ, անմեղության կանխավարկած, և այլն, դրանք կարևոր չեն նոր Հայաստանում, կարևորը վերնագրերն են՝ «Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը»։ Իշխանությունների խնդիրն է՝ ամեն գնով ազատվել Հրայր Թովմասյանից։ Ավելին, մեր տեղեկություններով՝ սանիկներին առաջարկվել է՝ փաստեր ներկայացնել Թովմասյանի դեմ և ազատ արձակվել։

Տեսանյութեր

Լրահոս