«Հայաստանում ամեն ինչ շարունակում է կախված մնալ մեկ անձից». Րաֆֆի Հովհաննիսյան
Սա անլուրջ պետական իրավիճակ է. թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաները պետք է զուսպ լինեն իրենց հայտարարություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճին:
«Նրանք, ովքեր մի հավաքական մաս էին կազմում, ժողովրդի վստահությունն էին վայելում, թեպետ կային այնտեղ կիքսեր, հիմա հրապարակային հարվածներ են հասցնում իրար, խոսքս վարչապետի և նախկին պաշտոնյայի մասին է, սա անլուրջ պետական իրավիճակ է: Թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաները պետք է զուսպ լինեն իրենց հայտարարություններում, աշխարհն է տեսնում, աշխարհն է վերլուծում»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը երկում գլոբալ առաջընթաց տեսնում է, սակայն նրա կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ շարունակում է կախված մնալ մեկ անձից:
«Ընթացակարգային գլոբալ առաջընթաց կա: Կան առանձին հարցեր, որոնք կասկածներ և հարցեր են հարուցում, համակարգային քաղաքականաստեղծ աշխատանքի հարցական կա, շատ բան կախված է հենց վարչապետի անձից, և դա մտահոգություն է առաջացնում: Մեզ մոտ յուրաքանչյուր նախագահ կերտել է իր նախագահությունն իր անհատականության վրա: Չեմ մեղադրում, յուրաքանչյուրն էլ ուզում է իմաստավորել իր քաղաքական կյանքը, դա մարդկային է, դա բնական է: Առաջին նախագահի ժամանակ ռուսական մամուլում հոդվածներ էին գրվում՝ «Лидер, которого ждали» վերնագրով: Երբ պետությունը կախված է մի մարդուց, նրա որոշումից, բնավորությունից, ակնարկից, դա պետություն չի այլևս: Պարոն Փաշինյանը տակավին հնարավորություն ունի տարբերվելու, իր ներդրումը գնահատելու, ինքը ճիշտ մարդ էր, ճիշտ ժամին, ժողովրդի սուրհանդակն էր:
Բայց հիմա մենք պետք է ապագայի համար համակարգային պատասխանատվության մեխանիզմ ստեղծենք, մտածենք հաջորդների մասին, թե չէ ապագա տապալում կլինի: Մենք չենք ուզում տեսնել ո՛չ մեր հավաքական, ո՛չ վարչապետի անձնական տապալումը: Ժամանակն է՝ այս ազդակը հնչեցնելու, մենք չենք ուզում շարունակել անցյալի իներցիայով: Երբ գա այն ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը փոխանցի Գ ուժին, ոչ Ա-ին, այլևս երբեք, այն պիտի աշխարհում ամենուժեղը լինի»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ