
Բրիտանական ընդդիմությունը Ջոնսոնից կպահանջի հետաձգել Brexit-ը. The Daily Telegraph

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:
Նրա տվյալներով՝ ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու կողմնակիցները սեպտեմբերի 30-ին հանդիպում կանցկացնեն Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի գրասենյակում՝ քննարկելու համար օրենսդրության փոփոխությունները, որպեսզի Միացյալ Թագավորության վարչապետին պարտադրեն՝ Բրյուսելից խնդրել երկարացնելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը:
Դրա հետ մեկտեղ խորհրդարանականները կարծում են, որ ավելի վաղ Համայնքների պալատի կողմից ընդունված օրենքը, որը Ջոնսոնին պարտավորեցնում է մինչեւ հոկտեմբերի 19-ը ԵՄ-ից խնդրել՝ հետաձգելու Brexit-ը, եթե մինչ այդ կառավարությանը չհաջողվի Բրյուսելի հետ նոր համաձայնության հասնել, ժամանակ չի թողնում դատարան դիմելու համար, եթե կառավարության ղեկավարը, այնուամենայնիվ, որոշի հրաժարվել Brexit-ի ամսաթվի հետաձգումից:
Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն խորհրդարանական օրակարգի վրա հսկողության հաստատել կառավարող Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ, որն այս օրերին տեղի է ունենում Մանչեսթրում: Եթե նույնիսկ նրանց չհաջողվի դա անել, ապա նրանց գործողությունները, համենայն դեպս, լրջորեն կխախտեն պահպանողականների համագումարի ծրագիրը, քանի որ անհրաժեշտ կլինի, որ պատգամավորներն ու նախարարները Վեսթմինսթեր վերադառնալ քվեարությանը մասնակցելու համար, նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: