
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագավառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է Ա. Սարգսյանի ուղերձում: