Բաժիններ՝

Գնահատվել են այն խնդիրները, որոնք բնորոշ կլինեն հավանական մարտական գործողությունների վերսկսման դեպքում

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում այսօր ցուցադրական վարժանքներ են կազմակերպվել սակրավոր պահեստազորայինների ներգրավմամբ:

Գնահատվել են այն խնդիրները, որոնք բնորոշ կլինեն առաջիկա կամ հավանական մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Մասնավորապես՝ ականադաշտերի տեղադրումը և ականազերծումը, ռազմական նշանակության ճանապարհների վերակառուցումը, վերանորոգումը, պայթեցված կամուրջների մոտակայքով ճանապարհների ապահովումը՝ բարդ տեխնիկայի կիրառմամբ:

ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով պահեստազորայինների ցուցադրած հմտություններից` նշեց, որ որոշակի փորձից հետո կարող են ընդգրկել նրանց մարտական խնդիրների կատարմանը:

Նա նաև շեշտեց՝ զինապարտներն իրենց զորակոչը գնահատեցին ոչ թե իբրև պարտադրանք, այլ որպես ընձեռված հնարավորություն՝ ցուցաբերել իրենց ինքնասիրությունը և պատիվը:

«Ռազմավարական այս զորավարժությունը մեր ԶՈւ այս տարվա պատրաստության պլանում դիտարկում ենք՝ որպես առանցքային միջոցառում՝ ոչ միայն ԶՈւ, այլև պետական կառավարման և ՏԻՄ մարմինների համար, որովհետև այդ կառույցներն առաջին փուլին ընդգրկված էին մեծ ծավալով, հատկապես՝ զորահավաքի փուլին: Բոլորիս հայտնի է, որ զորահավաք անցկացնելը, մանավանդ՝ այն ծավալով, որ մենք անցկացրինք այս զորավարժության ընթացքում, ամենաբարդ գործն է, սակայն դա մեզ հաջողվեց, ստացվեց շատ լավ»,- ասաց գեներալը:

Արդեն «168 Ժամի» հետ զրույցում ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետը հայտնեց, որ մարտական դիրքերում ակտիվորեն ինժեներական աշխատանքներ են իրականացվում` չնայած հակառակորդի կողմից ստեղծվող խոչընդոտներին:

«Կատարվում են ամրաշինական, պաշտպանության և կենսունակության բարձրացման աշխատանքներ, պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների տեղադրման և վերանորոգման աշխատանքներ: Առաջացած խնդիրները լուծվում են»,- վստահեցրեց գեներալը:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս