Նիկոլ Փաշինյանը Սիսիանում վերանորոգվող տանիքների մասին անեկդոտ հիշեց
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում էր: Ֆեյսբուքյան լայվի վերնագրում նշված էր, որ այցը չնախատեսված էր, չնայած դրան, բոլորը զինվորական համազգեստներով էին: Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը քաղաքում զբոսնում էր վարչապետի հետ և նրան ներկայացնում, թե ինչ աշխատանքներ են իրականացվում:
«1 միլիարդ 100 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում Սիսիան քաղաքում: Շինարարների խնդիր ունենք: Այս պահին 40-50 թափուր աշխատատեղի խնդիր կա՝ օրը 6000 դրամ աշխատավարձով»:
Վարչապետը դիմելով Սուրեն Պապիկյանին՝ ասաց, որ այս խնդրին ականատես են լինում ամենուր: Աշխատանք կա, աշխատող չկա.
«Ես այս մասին Ամերիկայում էլ ասացի, հիմա էլ փաստացի Սիսիանի համայնքապետն է ասում: Մենք այս խնդրին ամեն տեղ բախվում ենք»:
Արթուր Սարգսյանն ասաց, որ միայն սուբվենցիոն ծրագիրը չէ, որ աջակցում է քաղաքի բարեկարգմանը.
«80 միլիոնի ծրագիր ենք ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որ Հացավանի մոստը սարքենք: Անգեղակոթ համայնքում 200 միլիոնի ջրագիծ ենք քաշում մեր բյուջեի հաշվին, ժողովրդին ասել եմ՝ պետք է բոլոր հարկերը պարտաճանաչ մուծեք, որ ավարտենք ծրագիրը»:
Արթուր Սարգսյանը նաև նշեց, որ աշխատում են համայնքապետարան-հասարակություն փոխկապակցված ռեժիմով: Իրենք տալիս են անհրաժեշտ շինանյութերը, համայնքն իր միջոցներով կառուցում է, օրինակ, շենքերի տանիքները: Մի քանի շենքի տանիք արդեն պատրաստ է:
Վարչապետը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե սարքելուց հետո անձրև եկե՞լ է:
«Մի մարդ տանիքը վերանորոգում է, վարպետը գործը հանձնելուց առաջ մնացած թիթեղից վեդրոներ է պատրաստում, տանտերը հարցնում է՝ դրանք ինչի՞ համար են, ասում է, որ հանկարծ կաթի՝ դնես տակը: Դրա համար եմ հարցնում՝ անձրև եկե՞լ է»:
Սիսիանի համայնքապետն առիթ բաց չթողեց նախարարի հետ այլ հարցեր էլ քննարկելու: Ասում է՝ մանկապարտեզի նախագիծ ունի:
«Նախագիծ ունեմ մանկապարտեզի, հունվարին տամ, հունվարին էլ հաստատեք, որովհետև եթե առաջին ձյունը եկավ, ամեն ինչ կանգնելու է»:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ե՞րբ է գալիս առաջին ձյունը: Համայնքապետը պատասխանեց, որ անկանխատեսելի է:
Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում նրան մոտեցան Սիսիանի մի քանի բնակիչներ՝ իրենց հուզող խնդիրներով.
«Երկու կառույց եմ սարքել, գումարները պարտաճանաչ մուծել եմ, մեկը հիմա ոչ մեկին չի պատկանում, մեկը համայնքապետարանին է պատկանում, խոստացել են սեփականաշնորհել, որ իմը դառնա, բայց կադաստրում խնդիրներ ենք ունենում»:
Պարզվեց՝ խնդրին տեղյակ է ոչ միայն Սիսիանի համայնքապետը, այլ նաև Սուրեն Պապիկյանը: Վարչապետին ասացին՝ հողի կարգի խնդիր կա: Վարչապետն իր մամուլի խոսնակին հանձնարարեց հիշեցնել, որ հարցնեն Կադաստրում, թե ինչո՞ւմն է խնդիրը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ