Բաժիններ՝

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն բարձր է գնահատում երկու երկրների հարաբերությունները

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում:

«Հայ-չինական հարաբերությունները պատմական արմատներ ունեն: 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանք ավելի հաստատուն և կայուն դարձան: Քաղաքական դաշտում մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա. դրանք աչքի են ընկնում փոխվստահության բարձր մակարդակով, հաճախակի փոխադարձ այցերով»,- ասաց Թիան Էրլուն:

Դեսպանի խոսքով` երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունն առանձնանում է վստահ ու կայուն զարգացմամբ: «Սկսած 2009 թվականից, Չինաստանը մնում է որպես երկրորդ առևտրային գործընկերը Հայաստանի համար: Նկատի ունեմ առանձին երկրների դեպքում, եթե վերցնենք Եվրամիությունը որպես մեկ ամբողջություն, ապա Չինաստանը երրորդն է: Փոխադարձ առևտրաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 10 կամ 11 տոկոսը: Հայաստանի վիճակագրության տվյալներով՝ 2019թ-ին՝ մինչև այս տարվա հուլիսն առևտրաշրջանառությունը կազմել է մոտավորապես 500 մլն ԱՄՆ դոլար»,-ներկայացրեց Թիան Էրլուն:

Նրա խոսքով` Հայաստանի և Չինաստանի միջև ակտիվ զարգանում է նաև հումանիտար համագործակցությունը: Չինաստանում և Հայաստանում կազմակերպվում են փոխադարձ մշակույթի օրեր, որոնց շրջանակում երկու երկրների հայտնի և լավագույն գեղարվեստական կոլեկտիվները հանդես են գալիս փոխադարձ ելույթներով` տարածելով իրենց մշակույթը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի
Ըստ դեսպանի` քիչ չեն հաջողությունները նաև կրթության բնագավառում: «Հայաստանում հաջող գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը: Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունը, հատկապես երիտասարդները, շատ են հետաքրքրվում չինարենով: Անցյալ տարվանից այստեղ գործում է հայ-չինական բարեկամության դպրոցը»,-հիշեցրեց նա:

Թիան Էրլուն մեծ կարևորություն տվեց վիզաների ազատականացման միջպետական համաձայնագրին` նշելով, որ փոխադարձ այցերը տարեցտարի աճում են:

Դեսպանը շեշտեց, որ Չինաստանը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում հուսալի գործընկեր, որի հետ շարունակելու է համակողմանի զարգացնել համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, կրթության, գիտության և այլ բնագավառներում:

Նա չմոռացավ խոսել նաև Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին` նշելով, որ Չինաստանն իր հնարավորությունների սահմաններում մատուցում է տեխնիկատնտեսական օգնություն. խոսքը վերջին տարիներին Հայաստան բերված ավտոբուսների, շտապօգնության մեքենաների մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս