Հայաստանում իրականացվել է տարածաշրջանային հակաթմրանյութային գործողություն
Հայաստանում սեպտեմբերի 23-ից 27-ն անցկացվել է «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշմամբ տեղակայվել էր Երևան քաղաքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Առաջին օրը, սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցավ «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների, դիտորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ անվտանգության խորհրդի, կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, կարևորեց ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների թմրամիջոցների ապօրինի շրջանառության համազդման ոլորտում իրականացվող ռազմավարությունը և նոր մեխանիզմների մշակումն ու կիրարկումը:
Հաջորդիվ ելույթ ունեցավ «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգման շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Բորիս Յակովչենկոն:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ ջերմ ընդունելության, կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար և ներկայացրեց նիստի մասնակիցներին:
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով: Նրանք անդրադարձան անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության մարտահրավերներին, ընդգծեցին համատեղ ուժերով դրանց հակազդելու անհրաժեշտության կարևորությունը:
Միջազգային համակարգման շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀԱՊԿ անդամ-պետությունների, դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
«Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցները նախ հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ գործընկերների հուշակոթողին:
Սեպտեմբերի 24-ին միջգերատեսչական շտաբի աշխատանքները շարունակվեցին ոստիկանության կրթահամալիրում: Աշխատանքային խմբերը ծանոթացան ստացված տեղեկատվությանը, ապա վերլուծության և քննարկման արդյունքում կոնկրետ որոշումներ կայացրին համագործակցության և կազմակերպչական այլ ուղղություններով:
Նույն օրը գործողության մասնակիցներն այցելեցին Բագրատաշենի հայ-վրացական սահմանային անցակետ և տեղում ծանոթացան իրականացվող թմրամիջոցների որոնման հմտություններին, մարդկանց, ուղեբեռների և ավտոմեքենաների զննման ընթացակարգին:
Հաջորդ օրը «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներն ալցելեցին ոստիկանության հրաձգարան, մասնակցեցին հրաձգության մրցույթի։ Այցելությունների ծրագրով եղան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում։
Ցուցադրական ելույթներով ներկայացվեցին վարժեցված շների թմրանյութերի հայտնաբերման եղանակներ:
Սեպտեմբերի 26-ին «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցները «Բաղրամյան» զորավարժարանում ներկա գտնվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ոստիկանության զորքերի և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Հատուկ նշանակության վարչության ծառայողների մասնակացությամբ «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքներին, որտեղ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները կարողացան ազատագրել ահաբեկիչների կողմից զավթված բնակավայրերը։
Սեպտեմբերի 27-ին ամփոփիչ նիստը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ռուսաստանի Դաշնության ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Բորիս Յակովչենկոն ամփոփեց գործողության նախնական արդյունքները:
ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական, Համակարգող խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Մելիխովը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանությունը արել էր ամեն ինչ՝ տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար:
Նիստն ավարտվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Արման Սարգսյանի հրամանով «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիրցներին հանձնվեցին հուշանվերներ, մեդալներ ու պատվոգրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։