«Անցյալի ու նորի բաժանումն ինձ համար արհեստական է». Փաստաբանների պալատի նախագահ

«Հայաստանի համար առաջնահերթություններից է դատաիրավական համակարգի բարեփոխումը։ Անցած ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանք է կատարվել, և այսօր ունենք եռաստիճան դատական համակարգ, մասնագիտացված դատարաններ։ Այսօր դատարանն ավելի մատչելի է  քաղաքացուն, քան նախկինում»,- այս մասին «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ձեռքբերումների հետ միասին՝ կան նաև խնդիրներ՝ ինչպես նախկինից ժառանգություն ստացած, այնպես էլ՝ ընթացիկ, որոնք կապված են տեխնոլոգիաների զարգացման հետ։

«Հասկանում եմ, որ այսօրվա փաթեթում ներկայացված են անցումային արդարադատության որոշ գործիքներ, որոնց անհրաժեշտությունն առաջացել է նախորդ տարվա իշխանափոխությամբ պայմանավորված քաղաքական նպատակներով։ Պարոն նախարարը նշեց, որ, թերևս, տարընթերցման արդյունք է անցյալի հետ կապված զգացմունքները, բայց ասեմ, որ հավանաբար ես այդ տարընթերցման զոհերից մեկն եմ։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ցանկանում ենք անցյալը խմբագրել։ Չի կարելի անցյալը մոռանալ, որովհետև անցյալը մոռանալու դեպքում մենք մեր սխալները կկրկնենք, բայց անցյալով ապրելը մտահոգիչ եմ համարում»,- շեշտեց նա։

Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ որևէ իշխանություն հավերժ չէ, և դատական համակարգը, ի տարբերություն օրենսդիր և գործադիր մարմինների, պետք է առավել կայուն լինի, քանի որ դրանով է պայմանավորված, որ նույն Սահմանադրությունը գործիքներ չի տալիս՝ քաղաքական իշխանության փոփոխությամբ պայմանավորված փոխել նաև դատական իշխանության պաշտոնատար անձանց։ Ուստի յուրաքանչյուր փոփոխություն կբերի դատական իշխանության փոփոխության և դրանով բխող բոլոր հետևանքներով։

«Մենք շատ լավ գիտենք, որ դրա տուժողը լինելու է շարքային քաղաքացին։ պատկերացրեք, եթե հաջորդ իշխանությունը, պայմանավորված ներկայիս իշխանության դժգոհությամբ, մոտ կամ հեռու ապագայում կրկին նման քննարկում անի և քննադատի՝ ասելով, թե պետք է խմբագրենք անցյալը։ Ես խոսում եմ և՛ որպես փաստաբան, և՛ որպես շարքային քաղաքացի, կոչս հետևյալն է՝ փորձենք զգույշ լինել, այսօր անցյալի ու նորի բաժանումն ինձ համար արհեստական է, ես որևէ պաշտոնում չեմ տեսնում նորի, այստեղ բոլորս հին ենք, քանի որ նորը դառնալու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս