Փոքր նվերը հերոս Նվերի ընտանիքին

«Ղարաբաղ Տելեկոմը» երկրորդ կյանք տվեց տանը, որտեղ անցել է Ապրիլյան պատերազմի հերոսի ընդհատված կյանքը:

Ապրիլյան պատերազմի հերոս Նվեր Սիմոնյանի մասին լսել են եթե ոչ բոլորը, ապա գոնե՝ ոչ անտարբեր մեծամասնությունը: Նաև նրա եղբայր Ազատի, որի ձեռքերի վրա է հերոսը մահացել: Հարազատներին՝ շատ քչերը: Մայրը՝ Շուշան Սիմոնյանն ասում է. «Հա, պատահում է, որ լրագրողներ են գալիս, միջոցառումների ժամանակ հանդիպում ենք: Միանգամից մի բան փոխվում է, երբ «այո» պատասխանն են լսում հարցին՝ «Դուք Նվերի մա՞յրն եք»:

Նվերի մոր, հոր, քրոջ ու եղբայրների համար կյանքը շարունակվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում: Հերոսի ընտանիքն ապրում էր դեռ խորհրդային ժամանակներում կառուցված ու չնորոգված տանը: Մեր օրերում դժվար է հավատալ, բայց նրանք զուրկ են եղել տարրական կենցաղային պայմաններից:

Ընտանիքի վիճակի մասին գիտեին շատերը, լուրերը հասան նաև «Ղարաբաղ Տելեկոմին»: Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը հանձնարարեց արագ ուսումնասիրել օգնության հարցը: Ինքն էլ ևս մեկ անգամ կարդաց Ապրիլյան պատերազմի հարավային ուղղությանն առնչվող նյութերը, խոսեց Նվեր Սիմոնյանի զինակիցների հետ, տեղեկացավ նրա և ընկերների զոհվելու հանգամանքներին:

Կարեկին Օդաբաշյան. «Այս ընտանիքը Հայրենիքի ազատության համար վճարել է անգինը՝ որդու կյանքը: Հերոս որդու: Մեզանից՝ ապրողներիցս յուրաքանչյուրը պարտք է այսպիսի ընտանիքներին և պետք է ըստ հնարավորին մարի այդ պարտքը»:

Զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի ընտանիքի կյանքը շարունակվում է նոր որակով: Տունը հիմնանորոգվեց: Կառուցվեց նոր սանհանգույց, խոհանոց, ապահովվեց տաք և սառը ջրամատակարարման համակարգով ու կոյուղագծով:

Տունը դրսից ներկվեց: Կատարվեց առաստաղի, պատերի ու հատակի համահարթեցում, առաստաղի ջերմամեկուսացում, փոխվեցին ճակատային մասի պատուհանները: Տանիքը նորոգվեց Հադրութի շրջվարչակազմի աջակցությամբ: «Ղարաբաղ Տելեկոմն» օգնեց նաև կահույքի հարցում:

Շուշան Սիմոնյան. «Նվերն ուրիշ էր՝ օգնող, հասնող երեխա էր, ինքն էլ կուզեր մասնակցել այս տան նորոգմանը… նշանված էր… Աստված պահի բոլորին, բայց մնացած երեխաներս չեն կարողանում: Նվերը շատ բան կաներ … Աստված պահի էդ մարդուն, որ եկել ա…»:

Արևիկ Չալյան

artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս