Նարեկ Բաբայանը հրաժարվեց ասել՝ ովքե՞ր են հետաքրքրված «Գոլդեն Փելես» հյուրանոցով
Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այն առայժմ կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, հետագայում պետության կարիքների համար օգտագործելու համար:
Պետական գույքի կառավարման նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե այս պահին ովքե՞ր են հետաքրքրված այդ գույքը ձեռք բերելու համար։
«Գույքի օտարման հարցն ու տարբերակները պետք է քննարկել, գուցե շահավետ առաջարկներ լինեն։ Պետք է քննարկել ու հասկանալ, թե որն է լավագույնը։ Ամեն դեպքում որոշման նախագիծը ստորագրելուց և հանձնման ու ընդունման գործընթացից հետո, որը կտևի 2-3 շաբաթ, կքննարկվեն նաև այդ առաջարկները։ Կոչ եմ անում, որ բոլոր հետաքրքրվողները ներկայացնեն իրենց առաջարկները»,- նշեց նա։
Նարեկ Բաբայանի խոսքով՝ հյուրանոցը գնելու ու վարձակալելու առաջարկներ եղել են։
«Գնորդներն ու վարձակալները եղել են և Հայաստանից, և Հայաստանից դուրս»,- հավելեց Ն. Բաբայանը։
Նա նաև տեղեկացրեց, որ գույքը պետությանը նվիրաբերելու գործընթացը ձգձգվել է այն պատճառով, որ քննարկվել են տարբեր ռիսկեր, որոնք կարող էին առաջանալ, քանի որ եղել են գույքն ընդունելու տարբեր միջոցներ։
«Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին Արդարադատության նախարարության մեր գործընկերների կողմից։ Այս ընթացքում եղել է նաև այդ գույքի գույքագրումն ու գնահատումը»,- շեշտեց Նարեկ Բաբայանը։
Հարցին՝ ի վերջո այդ գույքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, Ն. Բաբայանն ասաց, որ հարցն իրենց տիրույթում չէ, իրենք չեն զբաղվում։
«Գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա, գույքն օրինական է, ունի վկայական։ Հյուրանոցն առայժմ տնօրինում է սեփականատերը, հյուրանոցը չի գործում ապրիլի կեսերից»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը։
Նա նաև նշեց, որ իրեն հայտնի չեն այլ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են իրենց գույքը նվիրաբերել պետությանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան