Բաժիններ՝

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն:

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում պայքարի մեջ մտան նաև 109 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությանը բարձրացրեց 190 կգ, այնուհետև՝ 195 կգ: Եվ երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահեց 199 կգ, սահմանեց աշխարհի ռեկորդ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրեց 230 կգ: Սակայն չբարձրացրեց 241 կգ, որը ռեկորդային կլիներ: Երկամարտում գրանցելով 429 կգ արդյունք` Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է: 2017, 2019 թվականների Եվրոպայի, 2018 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:

Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը գերծանր քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս