Արսեն Թորոսյանը բացառեց, որ Վանեցյանի հրաժարականը կարող է կապ ունենալ Դավիթ Սանասարյանի գործի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ հետհեղափոխական Հայաստանում հրաժարականները շատ պետք է լինեն։

168.amը նախարարից հետաքրքրվեց, թե, օրինակ՝ հետհեղափոխական Հայաստանում իր գործընկերներից ո՞վ պետք է հրաժարական տա, և եթե վարչապետն իր աշխատանքից դժգոհ լինի, պատրա՞ստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ հրաժարական տալու առումով մեկ վայրկյան անգամ չի վարանի։

«Կարծում եմ՝ սա էլ  քաղաքական պատասխանատվության մեկ մաս է, երբ կառչած չես լինում որևէ բանից, մենք բոլորս համաձայնել ենք այս ծառայությունները կատարել միայն մեկ բանի համար, որպեսզի կարողանանք այս հնարավորության պատուհանը մաքսիմալ արագ և արդյունավետ օգտագործել և դրական փոփոխություններ բերել մեր երկրում։ Եթե մի օր զգանք, որ թերանում ենք, ավելի լավ է՝ թողնենք, որ ուրիշները դրանով զբաղվեն, սա առողջ գործընթաց է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է հրաժարականների թվին, նա նշեց, որ հետհեղափոխական երկրներում գործընթացները շատ արագ են տեղի ունենում, ուստի հնարավոր է, որ  լինեն հրաժարականներ։

«Կարծում եմ՝ այս ամենին պետք է դրական նայել»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականին՝ նա բացառեց,  որ հրաժարականը կարող է որևէ կապ ունենալ Դավիթ Սանասարյանի գործի հետ։

Ինչ վերաբերում է իր և Արմեն Մուրադյանի միջև առկա կոնֆլիկտին, Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ մասին արդեն խոսել է և թեմային չի ուզում անդրադառնալ։
Առողջապահության նախարարը նաև վստահեցրեց, որ բուժհաստատությունների  ղեկավարների հետ որևէ հակասություն չունեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս