«Սպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր». Արսեն Թորոսյանը՝ փոխգնդապետի առողջական վիճակի մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առավոտյան տեսակցել է զինվորական հոսպիտալում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որին օրեր առաջ են Վայոց Ձորի մարզից ծեծված վիճակում տեղափոխել այնտեղ։
«Բժիշկների հետ խոսեցինք, բավականին երկար քննարկեցինք սպայի առողջական վիճակը, այս պահին սպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ։ Բժիշկներն ամեն ինչ անում են առնվազն վիճակն այսպես պահելու և լավացնելու համար։ Բժիշկների հետ ամենօրյա կապի մեջ ենք, որպեսզի հասկանանք՝ դրական տեղաշարժ կա՞, թե՞ ոչ։ Ցավոք, այս պահին դեռ չկա, կանխատեսումներ անելը դժվար է, բայց հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի սպայի կյանքը փրկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։
168.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ է սպային արտերկիր տեղափոխելու և բուժելու անհրաժեշտություն, նախարարը պատասխանեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ սպային տեղաշարժել ու տեղափոխել հնարավոր չէ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին, միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Զվարթ Խաչատրյան