Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը. WikiLeaks
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը:
Այդ մասին WikiLeaks-ը սեպտեմբերի 26-ին հայտնել է Twitter-ում։
«Ջուլիան Ասանժը գտնվում է մեկուսի բանտարկության պայմաններում, որոնք խոչընդոտում են ԱՄՆ արտահանձնման գործով պատրաստվելու նրա ունակությանը:
Սեպտեմբերի 22-ին նա ավարտել է բանտարկության 50-շաբաթյա պատիժ կրելն այն բանի համար, որ որոնել ու ապաստան է գտել, եւ այժմ բանտում է գտնվում բացառապես ելնելով (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմի շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի կեսերին Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանը որոշել է, որ Ասանժը կալանքի տակ կմնա իր արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի քննարկման ամբողջ ժամանակահատվածում, այսինքն՝ բանտարկության 50-շաբաթյա ժամկետի ավարտից հետո էլ, որին նա դատապարտվել է գրավով ազատ արձակման պայմանների խախտման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: