Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով օրենքի 14-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ.

«Պետական սահմանի անցման  կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացվում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»։

Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով ՀՀ պետական սահմանը հատող անձանց եւ բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության եւ, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ եւ սահմանափակող) միջոցառումներ:

Նշված լիազորությունը նախկինում իրականացվում էր Առողջապահության նախարարության առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին որեւէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել:

Հետևաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով եւ հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

Առաջարկվում է նախագծով ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել եւ կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը եւ լիազորող նորմ սահմանել  Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս