Առողջական վիճակի վատթարացում է գնում. Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ անցկացված հետազոտության մասին
«ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը գտնվում է բացասական դինամիկայի տակ, այս մասին բարձրաձայնում են բժիշկները: Միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկները նույնպես հետազոտեցին, համեմատական անցկացրեցին մեկ տարի և 6 ամիս առաջվա վիճակի հետ և բարձրաձայնեցին, որ առողջական վիճակի վատթարացում է գնում: Դա է նաև պատճառը, որ դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սեպտեմբերի 24-ին որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 6-ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է առողջապահության փոխնախարարի կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովին։
Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Անի Կարապետյան