ԱՄՆ-ը Եվրոպայի արևելքում տեղաբաշխված իր զինուժերին կսկսի ղեկավարել Լեհաստանից
ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն եւ այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արեւելյան թեւում: Սեպտեմբերի 26-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Ամերիկացի հրամանատար գեներալը Պոզնանից կղեկավարի ամերիկյան զորքերն ինչպես Լեհաստանում, այնպես էլ Եվրոպայի մեր մասում, այսինքն՝ արեւելյան թեւում»,- ասել է նա: «Ամերիկյան ուժերի հրամամանատարությունը կիրականացվի ոչ թե Գերմանիայից, ինչպես այժմ, այլ Լեհաստանից»,- ընդգծել է Լեհաստանի նախարարը:
Լեհաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Անջեյ Դուդան եւ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը համատեղ հռչակագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Հռչակագրում նախատեսված է հանրապետությունում ամերիկացի զինվորների թվաքանակի ավելացում 4,5 հազարից մինչեւ 5,5 հազար եւ նրանց տեղաբաշխում երկրի վեց ռազմական օբյեկտներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը