Իսրայելի նոր կառավարությունը կազմելու է Նաթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին է հանձնարարված կազմելու երկրի նոր կառավարությունը: Ինչպես հայտնել է Reuters-ը, այս որոշումն ընդունել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։
«Ինձ համար պարզ է, որ ներկայում Նաթանյահուն վարչակազմ ձեւավորելու ավելի մեծ շանսեր ունի»,-հայտարարել է նա լրագրողներին: Վարչապետը նախագահին հավաստիացրել է որ մանդատը կվերադարձնի նրան, եթե չկարողանա նպատակին հասնել սահմանված ժամկետում: Դրա համար նա ունի 28 օր եւ լրացուցիչ երկու շաբաթ ստանալու հնարավորություն:
Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ նրան հարող աջամետ կուսակցությունների դաշինքը միագումար ունեն 55 պատգամավորական մանդատ, իսկ նրանց քաղաքական հակառակորդները՝ «Կախոլ Լավան»-ն ու նրա դաշինքը՝ 54 մանդատ:
Ինչպես նշել է Ռիվլինը, այս հավասարակշռությունն իրականում անհամեմատ ավելի անկայուն է, քանի որ ձախերի հետ դաշինքում ներկա է տասը պատգամավոր արաբական կուսակցություններից, որոնք չեն հաստատել կառավարող կոալիցիա կազմելու իրենց համաձայնությունը: Կառավարող կոալիցիա ստեղծելու համար հարկավոր է ապահովել 61 մանդատ: