Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հարցեր
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։
Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի և մարտահրավերների շուրջ։