«Թուրքիայի ՆԳՆ-ն պետք է հանի այդ պայմանը, այլապես սա չի կարելի ընտրություն կոչել». Փայլան
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը): Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնադրության մեջ սահմանված պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը (թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան), որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը:
Այս թեմայի առնչությամբ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել «Bianet» թերթին, կատարելով մի շարք դիտարկումներ:
Փայլանը նշել է, որ եթե ընտրությունը կատարվի այդ կանոնագրի համաձայն, ապա դա չեն կարող կոչել ընտրություն:
Պատգամավորը հիշեցնելով, որ Թուրքիայում պատրիարքական բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել, որոնցից բոլորին մասնակցել են նաև աշխարհի հայ հոգևորականները, ասել է.
«Թուրքիայի հայերից բացի աշխարհի բազմաթիվ շրջաններում սեբաստացի, մալաթիացի, ադանացի, պոլսեցի հոգևորականներ կան և այս թեկնածուները կարողացել են մասնակցել բոլոր ընտրություններին, ունեցել են ընտրվելու իրավունք»:
Նրա խոսքով` այժմ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարության ուղարկած գրավոր կանոնագրով նոր սահմանափակում է դրվում պատրիարքական ընտրություններում:
«Ասում է, որ Թուրքիայի հայերի միջից եք ընտրություն կատարելու: Բարձրաստիճան 3 հոգևորական ունենք, որոնք համապատասխանում են այս պայմանին: Այս կանոնագրով ոտնահարվում են իրական թեկնածուների ընտրական իրավունքները, ինչը երբեք չեք ընդունի»,-ընդգծել է Փայլանը:
Նա նկատել է տվել, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը իրավունք ունի առարկել այդ որոշումը, հայտնելով, որ 20 տարի առաջ` Մեսրոպ Մութաֆյանի ընտրության ընթացքում այդպիսի սահմանափակում նույնպես եղել էր, սակայն տվյալ ժամանակաշրջանի նախաձեռնակ մարմինը առարկել էր որոշումը և կարգավորել իրավիճակը:
«Այժմ նույն ձևով պետք է առարկել: Նախարարության պաշտոնյաները պետք է հանեն այդ սահմանափակումը, հակառակ դեպքում սա չի կարելի անվանել ընտրություն»:
Պատգամավորը նաև նշել է, որ այս թեմայի շուրջ խոսելու թե օրենսդիր և թե գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ:
Սակայն նրա փոխանցմամբ` կարևորն այն է, որ հայ համայնքը, քաղաքական բոլոր կուսակցությունները և Թուրքիայի ժողովրդավարները պաշտպան կանգնեն ընտրական քվեատուփին:
«Իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծում: Մասնավորապես ազգային փոքրամասնություններն այս մթնոլորտից կարող են էլ ավելի ազդվել: Այս հարցում ակնկալում ենք մեծ համայնքի աջակցությունը»,- եզրափակել է նա: