Ռուսներն ասել են՝ «տանջվեք ինքներդ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հարավկովկասյան երկաթուղուն». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում:
Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Հայաստանի նոր իշխանությունները իրականացնում են «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն չէ, այլ հակառակը՝ դա մի տեսակ բարեգործական պարտավորություն է, որը ստացվել է «որպես բեռ»:
Ռուս մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ այսպիսով ռուսները Հայաստանի իշխանություններին պարզապես ասում են. «Մեզ ձեր երկաթուղին ընդհանրապես պետք չէ, տանջվեք դրա հետ ինքներդ»:
Ի դեպ, խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ առկա ամբողջ շարժակազմը ոչ թե ՀՀ-ինն է, այլ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Ստացվում է, որ մեր իշխանություններն առաջին հերթին պետք է արագ գնորդ գտնեն, որը ոչ միայն կստանձնի հայկական երկաթուղու կառավարումը, այլեւ կգնի ամբողջ այդ շարժակազմը կամ նոր շարժակազմ, ինչն ավելի թանկ կարժենա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: