Բաժիններ՝

Հայաստանյան ընկերությունները կմասնակցեն կիբերանվտանգության Cybertech միջազգային համաժողովին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիա կատարած աշխատանքային այցը համարում է արդյունավետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ ուներ հրավեր Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից՝ Cybertech-ից, որտեղ հնարավորություն ունեցավ ելույթ ունենալու և ներկայացնելու Հայաստանը։

«Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերությունները։ Մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»,-ասաց նախագահը։ Արմեն Սարգսյանը նշեց, որ եթե ցանկանում ենք Հայաստանը զարգացնել, ապա այդ գործում ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։

«Չենք կարող հնդիկներին ու չինացիներին հաղթել քանակով։ Մենք պետք է ավելի բարձր մակարդակ դնենք։ Իսկ դրա համար պետք է աշխատել աշխարհի լավագույնների հետ»,-ասաց նա։

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսեց նախագահականի կողմից իրականացվող ATOM ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ:

«Ուրախ եմ ասել, որ մեկ տարի աշխատելով աշխարհի լավագույն ընկերությունների հետ, իսկ այդ ցանկը շատ մեծ է՝ Թալես, Սիմենս, IBM, Լեոնարդո, Էլետրոնիկա, որն աշխարհի ամենամեծ էլեկտրոնիկայի պաշտպանական երեք ընկերություններից մեկն է, նրանց բոլորի հետ կան նախնական պայմանավորվածություններ Հայաստանում գիտահետազոտական, նաև՝ ուսումնական ծրագրեր սկսելու համար։ Մենք ունենք ներուժ, սակայն աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Պետք չէ խաբել ինքներս մեզ, որ աշխարհի ամենալավն ենք։ Դա սխալ ճանապարհ է։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ լուրջ աշխատենք»,-ասաց նախագահը։

Նա նշեց, որ խոշոր ընկերությունները, գալով Հայաստան, պետք է վստահ լինեն, որ բարձր որակով մասնագետներ կան։ Այդ համատեքստում է նաև իրականացվում ATOM ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս