
Ոստիկանները ձերբակալել են Աջափնյակում 10-ից ավելի բնակարանային գողություն կատարած Ապարանի բնակչին

Ոստիկանները ձերբակալել են Աջափնյակ վարչական շրջանում 10-ից ավելի բնակարանային գողություն կատարած Ապարանի 37-ամյա բնակչին: Գողության մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել դեռևս հունիսի 4-ին: Վերջինս Արզումանյան փողոցի շենքերից մեկում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարանից հափշտակել էր ոսկյա զարդեր: Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ էր ձեռնարկել: Սեպտեմբերի 24-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզներն Արզումանյան փողոցից կասկածյալին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա խոստովանել է կատարածը, նաև հավելել, որ փետրվարից մինչև սեպտեմբեր Աջափնյակ վարչական շրջանում կատարել է ևս 10 բնակարանային գողություն: Հանգամանքները պարզվում են: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: