Տեղի ունեցավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը
Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին պաշտոնյաները, քաղաքական ու ռազմական գործիչները ներկա գտնվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը։ Նրանք իրենց ցավակցությունները հայտնեցին Հարությունյանի հարազատներին։ Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնյաներ։
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում գտնվող սգո սրահից, սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПСМ» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: