ՊՆ-ն ներկայացրել է զորավարժության ընթացքում չորս ստորաբաժանումների կատարած աշխատանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռազմավարական զորավարժության ընթացքում չորս ստորաբաժանումների կատարած աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 25-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են գործնական պարապմունքներ` պաշտպանական մարտի նախապատրաստման թեմայով:
Անձնակազմին են փոխանցվել մարտի նախապատրաստման և վարման ընթացքում առավել ճկուն գործելու և առաջադրված մարտական խնդիրները կատարելու գործնական հմտություններ:
Ռազմավարական զորավարժության նախորոշված շրջաններում 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բացազատել են վերադաս շտաբի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարական կետերի հետ շարժական կապի միջոցները, ճշգրտվել են մարտական խնդիրները։
Զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը, ռազմավարական զորավարժության ընթացքում օպերատիվ կիրառելով շարժական նավարկային տեղագրական համալիրը և հեռահար զոնդավորման ընդունիչ կայանից ստացված տիեզերալուսանկարները, պատրաստել է ֆոտոսխեմաներ՝ հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումների նշանակետերի ճշգրիտ խոցման համար:
Հետախուզական նպատակներով տեղանքի ուսումնասիրման և գնահատման համար ստեղծվել և տպագրվել են օդային հետախուզական տվյալներով ֆոտոպլաններ, ինչպես նաև կատարվել են տեղագրական քարտեզների, քաղաքային պլանների թարմացման և տպագրման աշխատանքներ:
Ռազմավարական զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի հետ անցկացվող հոգեբանական աշխատանքներին:
4-րդ զորամիավորումում սպա-հոգեբանների և բժիշկ-մասնագետների ուժերով բացազատվել են հոգեբանական օգնության կետեր, որտեղ համապատասխան մասնագիտական օգնություն է ցուցաբերվում ինչպես զինծառայողներին, այնպես էլ լրահամալրվող քաղաքացիական անձանց:
Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին:
Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: