Պլաչիդո Դոմինգոն կդադարեցնի ելույթները Metropolitan Opera-ում
Իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն այլեւս ելույթ չի ունենա Metropolitan Opera-ում: Այդ մասին ասված է թատրոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 24-ին:
«Metropolitan Opera-ն հաստատում է, որ Պլաչիդո Դոմինգոն համաձայնել է չեղարկել ապագա բոլոր ելույթները»,-նշել են թատրոնի մամուլի ծառայությունում, ընդգծելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: «Met-ը (Metropolitan Opera-ի հապավումն է) եւ պարոն Դոմինգոն համաձայնություն են ձեռք բերել այն բանի շուրջ, որ նա պետք է հրաժարվի (ելույթներից)»,-նշված է հայտարարության մեջ:
Fox News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Դոմինգոն սեպտեմբերի 25-ին պետք է Metropolitan Opera-ի բեմում մասնակցեր Ջուզեպե Վերդիի «Մակբեթ» օպերային՝ իտալացի դիրիժոր Մարկո Արմիլյատոյի բեմադրմամբ: Սակայն նրա փոխարեն Մակբեթի դերերգը կկատարի սերբ Ժելկո Լուչիչը:
Նրա հետ միասին բեմ դուրս կգա ՌԴ ժողովրդական արտիստուհի Աննա Նետրեբկոն, որը կկատարի Լեդի Մակբեթի դերերգը: Օգոստոսին Associated Press (АР) գործակալությունը հայտնել էր, որ ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Մատնանշված դեպքերը, նրանց պնդմամբ, տարբեր ժամանակներում տեղի են ունեցել 1980-ական թվականների վերջից, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարածքում: Այս ամսվա սկզբին AP-ն հայտնել է, որ եւս 11 կանայք են երգչին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը