«Հայ-ռուսական հարաբերություններն այսպիսին են եղել, ժամանակ առ ժամանակ՝ ջերմ, ժամանակ առ ժամանակ՝ «սև կատու է անցնում»». Ալեքսանդր Ռար

168.am-ի զրուցակիցն է գերմանացի հեղինակավոր միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը

– Պարոն Ռար, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բավարար ժամանակ է անցել՝ գնահատելու համար ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, որի այցեքարտն է հռչակվել ժողովրդավարությունը, իսկ երեք սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: Ինչպե՞ս է ընկալվում, դիտվում ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը Եվրոպայում:

– Ես կարծում եմ, որ Հայաստանում դեռ ոչինչ չի հանդարտվել, նախկինի նման՝ հասարակությունը բավական զգայուն է, լարված: Լարվածություն հատկապես նկատում եմ հասարակության երկու հատվածների՝ կոնսերվատիվ տրամադրվածություն ունեցողների և բարեփոխումներ ցանկացողների միջև: Եվ այս ամենն իր հետևանքներով դեռ կպահպանվի հայ հասարակության ներսում:

Ինձ թվում է՝ դեռ հինգ կամ տասը տարի առաջ կարելի էր խոսել այն մասին, որ հետսովետական տարածքի որոշ երկրներ, ինչպիսին Հայաստանն է, Ուկրաինան, Վրաստանը, ունեն իրապես լավ հնարավորություն՝ միանալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ընթանալով բացառապես եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով: Սակայն վերջին 5 տարիների ընթացքում հենց Եվրոպական միությունում են տեղի ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք այդ հեռանկարը պարզապես ի չիք են դարձնում. Անգլիան դուրս է գալիս ԵՄ-ից, ԵՄ-ում գումարներ չկան ընդլայնման համար, քաղաքական կամք ևս չկա կառույցի հետագա ընդլայնման համար:

Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանն է էապես ամրապնդել իր դիրքերը Կովկասում, զուգահեռաբար ավելի է ամրապնդվել ԵԱՏՄ-ն, այդ թվում՝ ակտիվացել Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ համագործակցությունը: Ուստի, ըստ իս, Հայաստանի համար այն նույն արտաքին քաղաքական հարցն է առաջանում, ինչ Մոլդովայի դեպքում, փաստորեն, վաղ թե ուշ այդ հարցը կանգնելու է նաև Ուկրաինայի առջև, և այն կանգնած է նաև Բելառուսի առջև: Այդ հարցը հետևյալն է՝ անհրաժեշտ է վարել երկվեկտոր քաղաքականություն, առանց դրա պարզապես հնարավոր չէ:

Երկվեկտոր քաղաքականությունը ներկայիս փուլում դառնում է նույնիսկ մոդայիկ հետսովետական տարածքում, այսինքն՝ այնպիսի երկրները, ինչպիսին Հայաստանն է, սկսելու են փնտրել հնարավոր ելքեր դեպի ԵՄ՝ հասկանալով, որ միանալ ԵՄ-ին առաջիկա տասնամյակի ընթացքում անհնար է, ուստի հնարավոր է և հարկավոր է, միևնույն ժամանակ, ամրապնդել սեփական դիրքերը ԵԱՏՄ-ում և հայացք ուղղել նաև այն գերտերության ուղղությամբ, որը հայտնվում է Արևելքից՝ Չինաստանի, զարգացնելով հարաբերություններ նաև Չինաստանի հետ: Ուստի երկվեկտոր քաղաքականությունը դառնում է այն միակ տրամաբանական քաղաքականությունը, որը Ձեր տարածաշրջանում հնարավոր է իրականացնել: Ինձ թվում է, որ Փաշինյանը դա սկսում է հասկանալ:

– Ըստ էության, Ձեր նշած երկվեկտորը նույն բազմավեկտոր քաղաքականությունն է, որի մասին հաճախ խոսում էին մեր նախկին իշխանությունները: Նման քաղաքականություն ներկայումս նկատո՞ւմ եք:

– Գիտե՞ք՝ այդ գիտակցումը կար, բայց աշխարհում զարգացումներն արագ են տեղի ունենում, և իրավիճակները, ըստ դրա՝ հնարավորությունները ևս արագ են փոխվում, գերտերությունները ևս դասեր են քաղել շատ իրադարձություններից, որը ներկայումս իրավիճակ է փոխել միջպետական հարաբերություններում: Նման քաղաքականություն որոշակի առումով նկատում եմ, որոշակի տատանումներ ևս տեսնում եմ ժամանակ առ ժամանակ այս կամ այն կողմ, բայց հիմնականում դա երկվեկտոր քաղաքականություն է, այն իրականացվում է նույնիսկ առանց էական խնդիրների, թեև հայաստանյան հասարակության մի մասը կամ աջն է քննադատում, կամ ձախը, բայց ընդհանուր առմամբ հայկական դիվանագիտությունը դարերով է դասեր քաղել և սովորել կողմնորոշվել նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և Հայաստանը կգտնի հնարավորություն՝ վարել լիարժեք երկվեկտոր քաղաքականություն, առավել ևս, երբ որևէ կողմից խոչընդոտ այս առումով ներկայումս չկա: Ռուսաստանն այլևս չի սեղմում Հայաստանին, չի ասում. «Մի գնացեք այն կողմ, այլ միայն ինձ հետ եղեք», իսկ ԵՄ-ն ևս սովորել է Ուկրաինայի դառը փորձից, որ չի կարելի երկրներից պահանջել կատարել աշխարհաքաղաքական ընտրություն, այսինքն՝ չի կարելի երկրներին կանգնեցնել ընտրության առջև. «Եթե մեզ մոտ չեք գալիս, ուրեմն մեզ հետ չեք, մեզնից աջակցություն չեք ստանալու, միայն Ռուսաստանի հետ եղեք»: Այդ հռետորաբանությունն այլևս չկա գոնե Գերմանիայում և Ֆրանսիայում:

Կարծում եմ՝ Հայաստանում ևս, ինչպես Եվրոպայի տարբեր անկյուններում, ուշի ուշով են հետևել այն ամենին, ինչ վերջերս ասաց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, նա, ի վերջո, Եվրոպայի ամենավերջին ղեկավարը չէ, նա ստիպում է իր մարդկանց աշխատել Լիսաբոնից Վլադիվոստոկ ծրագրի վրա: Ես կարծում եմ՝ հայկական քաղաքականությունը դրա վրա աչքերը չի փակել, հասկանում է, որ կա որոշակի տեսլական այստեղ, որին պետք է ուշադրություն դարձնել:

– ՀՀ արտաքին քաղաքականության մի էական բաղադրիչը հայ-ռուսական հարաբերություններն են, որոնք, չնայած պետական մակարդակում շարունակում են ներկայումս մնալ բարձր, բայց տեղեկատվական ֆոնը բավականին լարված է,  անընդհատ նորանոր թեմաներ են հայտնվում, որոնցից մեկը ՀՀ երկրորդ նախագահի քրգործն է, որը, ըստ որոշ ռուս փորձագետների, ստվերում է երկկողմ հարաբերությունները, վերջին օրերին տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ, դադարեցնելով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը, գազային բանակցություններն են երկարաձգվում, Ռուսաստանից Հայաստան չեն հանձնվում գործիչներ, որոնք մեղադրվում են այս կամ այն քրգործի շրջանակում: Ի՞նչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում: Որքանո՞վ է նորմալ այն, ինչ տեղի է ունենում:

– Նախագահների մասով ասեմ, սա ոչ այնքան բարոյական, իրավական, որքան քաղաքական հարց է: Ես կարծում եմ, որ բոլոր անկախ երկրները, որոնք անցել են փոխակերպման փուլով, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, սահուն կերպով հայտնվում են իրավական դաշտում, եվրոպական ժողովրդավարությունում: Դա շատ բարդ ուղի է, և եվրոպական ամբողջական լիբերալ հասարակության ձևավորման ճանապարհին թույլ են տրվում էական սխալներ: Ո՞վ չի թույլ տվել սխալներ տրանսֆորմացիոն փուլում, որը շատ լուրջ գործ է, ուստի ինձ թվում է, որ նախագահները, եթե նրանք ուղղակիորեն մասնակից չեն եղել սպանությունների, պետք է ներման արժանանան: Անհնար է հետապնդել նախկին ղեկավարի: Պուտինը չի հետապնդել Ելցինին, Ելցինը՝ Գորբաչովին: Կարծում եմ, որ Ուկրաինայում էլ Պորոշենկոյին «ձեռք չեն տա», նա պետք է ներման արժանանա և անձեռնմխելի լինի, դա հարկավոր է սոցիալական և հասարակական կայունության համար:

Խոսեմ գազային թեմայից, այն շատ բարդ է, քանի որ գները եվրոպական շուկայում ընկել են, ստեղծվում է նոր գազային շուկա Եվրոպայում, և Ռուսաստանը, նախկինի նման, հենվում է գնագոյացման և Եվրոպայում իր հաճախորդների վրա, ուստի այստեղ պետք է հասկանալ, որ Ռուաստանը հենվում է այդ շուկայի վրա և պետք է կարողանա հաղթահարել այդ շուկայում առկա խնդիրները, թեև նախատեսվում է ստեղծել նմանատիպ ԵԱՏՄ շուկան, որն այդ առումով բարենպաստ կլինի Հայաստանի համար:  Ուստի կարծում եմ, որ այստեղ կան խնդիրներ, այդ պատճառով երկարաձգվում են, և դժվարությունները ժամանակավոր են լինելու:

Ինչ վերաբերում է երկաթուղիների իրավիճակին՝ այն կկարգավորվի: Ռուսաստանի համար կարևոր է ունենալ տարանցիկ ուղիներ դեպի Իրան, Իրանը հետաքրքրված է, որպեսզի Ռուսաստան «դուրս գա»: Դա ժամանակի ընթացքում լինելու է: Տեսնում եք, թե Եվրոպայում ինչ է տեղի ունենում, բոլորը ցանկանում են էկոլոգիապես մաքուր միջավայր ունենալ, օգտվելով առավելապես երկաթուղիներից՝ այլևս այդքան հաճախակի չօգտվել ինքնաթիռներից: Կարծում եմ, որ նաև Ձեր տարածաշրջանում դա կդառնա նպատակ առաջիկա ապագայի համար: Ես չէի անհանգստանա, քանի որ դրանք ժամանակավոր բարդություններ են, աշխարհաքաղաքական կարիքները կստիպեն կողմերին գալ լուծումների:

Իմ համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները միշտ են այդպիսին եղել: Ժամանակ առ ժամանակ ավելի ջերմ են, ժամանակ առ ժամանակ սև կատու է անցնում, և սկսում են հարաբերություններ պարզել: Հայաստանն ու Ռուսաստանը երկու երկրներ են, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում է, և դա բնական է, քանի որ անկախ երկրներ են, բայց կան նաև ընդհանուր տեսլականներ մի շարք ուղղություններով: Ես կարծում եմ, որ չկա չլուծված հարցերի ճգնաժամային չափաքանակ երկկողմ հարաբերություններում: Այն, ինչը Ռուսաստանին իսկապես կնյարդայնացներ, դա ՆԱՏՕ-ին անդամակցության՝ Հայաստանի հեռանկարն էր, ինչն անհնար է:

– Հայաստանում կան կարծիքներ, որ այս ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացվի և հեռանկարում դրվի նաև նման հարց, քանի որ ՀԱՊԿ-ն գործուն կառույց չէ:

– Դա անհնար է, երբ Ձեր նման իրավիճակում է երկիրը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը բավականին նեղ է, չափազանց խնդրահարույց Թուրքիա, Վրաստանի հետ միջին հարաաբերություններ, Իրան, որտեղ յուրաքանչյուր պահի կարող է պատերազմ բռնկվել, ԼՂ հակամարտություն: Հայաստանում դա շատ լավ հասկանում են, և Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կայունացնող գործոններից մեկն են:

Իհարկե, հասկանում եմ, որ հասարակության մի մասը երազում է ապրել Եվրոպայում: Այդպես են ցանկանում նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, բայց պետք է մշտապես հասկանալ, որ անհնար է բավականին հեռացված տարածաշրջանից, ինչպիսին Կովկասն է, վերցնել և տեղափոխվել Եվրոպա, դա աշխարհաքաղաքականություն է, ճակատագիր, ուստի պետք է գտնել հնարավորություններ՝ ստեղծելու համար սեփական ժողովրդավարությունը և սեփական Եվրոպան սեփական տարածաշրջանում, ելնելով այն հնարավորություններից և ավանդույթներից, սահմանափակումներից, որոնք թույլ է տալիս կոնկրետ Ձեր երկրի և տարածաշրջանի աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս