«Նախընտրում եմ, որ Քոչարյանի գործի հաղթանակը գա ոչ թե՝ Ստրասբուրգից, այլ այն կերտվեր Հայաստանում». Արմեն Աշոտյան
«Մենք այս շինծու գործի տարբեր էտապներում մի քանի անգամ հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին՝ մեզ համար ակնհայտ այս քաղաքական գործընթացի շրջանակներում»,- այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միակ ուժն է, որը մի քանի անգամ հայտարարությամբ է հանդես եկել և սատարել Ռոբերտ Քոչարյանին։
Քոչարյանի գործի խնդրի հետ կապված՝ բարձրաձայնել են նաև միջազգային կառույցներում։
«Վերջերս Բրյուսելում էի, Եվրոպական խորհրդարանի շենքում նույնպես խոսել եմ Քոչարյանի գործի մասին։ Քոչարյանի սատարումը շարունակվում է և շարունակվելու է այնքան, մինչև հասնենք արդարության, որին մենք հավատում ենք։ Չեմ նախընտրում, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից, կցանկանայի, որ այդ հաղթանակը կերտվեր հենց Հայաստանի սահմաններում՝ անկախ այն հանգամանքից, թե որ վարչական շրջանի դատարանում այդ արդարադատությունը կարձանագրվի»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է հետագայում Քոչարյանի հետ ընդհանուր կոնսենսուսի գալուն, Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այդ հարցին մի քանի անգամ անրադարձել են, և այս պահին քաղաքական օրակարգ որևէ ընդդիմադիր ուժի հետ չի քննարկվում։ Իսկ Քոչարյանի առումով ՀՀԿ-ի համար գերակա են քաղաքական, իրավական ու բարոյական կողմերը։
Զվարթ Խաչատրյան