«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է». Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյումրիում չէ
ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այսօր այցելեց Լոռու մարզ։ Նրանք նախ եղան Վանաձորի պանթեոնում, այնուհետև միասնական աղոթի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում և Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Նշենք, որ այսօր իշխող վերնախավը ՀՀ վարչապետի գլխավորությամբ Անկախության տոնին նվիրված միջոցառումների մասնակցում են Գյումրիում։
168.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ երրորդ նախագահը չի գնացել Գյումրի։
«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է, բայց քանի որ մեր միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել ենք երեք օր առաջ, ապա բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այստեղ էր գալու, այլ ոչ թե՝ Գյումրի»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ Ա.Աշոտյանի, բացի այս ամենից, այստեղ կա նաև այլ հանգամանք. մի կողմից՝ գովելի է, որ երկրի նախկին ղեկավարներին հրավեր է գնում կարևոր տոների առթիվ, սակայն քաղաքական տեսանկյունից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ միասնականության գաղափարն ի սկզբանե խարխլում են։
Զվարթ Խաչատրյան