«Այդ մարդիկ ոչ մի հանցանք չեն գործել, որ դուրս մնան մարդասիրական գործողությունների դաշտից». Զոհրաբ Մնացականյանը՝ հայ գերիների մասին
Բոլորիդ համար էլ պարզ է հարցերի այն օրակարգը, որը մենք քննարկելու ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեր քննարկումների օրակարգը սահմանափակված չէ: Դուք բոլորդ լավ պատկերացնում ենք այն օրակարգը, հարցերի ցանկը, որոնք մեզ հետաքրքրում են, առաջնային կարևորություն ունեն, խաղաղ կարգավորմանն ենք անդրադառնալու»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ չնայած փոխանակումը համարժեք չէ, քանի որ մեր հայրենակիցներն ընդամենը գերիներ են, իսկ մեզ մոտ գտնվող ադրբեջանցիները՝ հանցագործներ, բայց դա մեր հայրենակիցներին չի կարող զրկել մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից:
«Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական գործողություն է. խոսքս Արայիկ և Կարեն Ղազարյանների մասին է: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, որ դուրս մնան մարդասիրական գործողությունների դաշտից»:
Այն հարցին, թե լինելո՞ւ է հակամարտող երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ մի քիչ շտապողական կլինի հիմա այդ մասին խոսելը: Փոխարենը նա խոսեց Փաշինյան-Թրամփ առաջիկա հանդիպման մասին:
«Մենք բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որն այսպես թե այնպես տեղի է ունենալու, շատ ծավալուն օրակարգ ունենք: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք հանդիպում, ինչ հաճախականությամբ, ռազմավարական երկխոսության ինչ հարթակ ենք ստեղծել, դա մեզ համար շատ էական է: Այն աջակցությունը, որը մենք ստանում են Միացյալ Նահանգներից, շատ կարևոր է, քննարկելու ենք տարածաշրջանում իրավիճակը, տարբեր գլոբալ բնույթի օրակարգեր կան, գլոբալ դերակատարություն ունեցող երկիր է ԱՄՆ-ը: Պետք է ավելի իրատես լինել, մենք բոլոր մեր գործընկերների հետ հարցեր ունենք քննարկելու, պետք է գտնենք այն լուծումները, որ վերաբերում են մեզ համար, Հայաստանի համար կարևոր մի բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության համապարփակության պահպանմանը»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր կարգավիճակ ստանալուն՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարդալուց հետո կարելի է ստանալ պատասխանն այդ հարցի:
«Կարիք չկա հետևել մի հարցի, որի պատասխանը բոլորս շատ լավ գիտենք: Հայաստանը ՀԱՊԿ-ում ունի բոլոր լիազորությունները, ինչ անդամ մյուս երկրները»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ