Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է։ Մրցանակաբաշխության ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր հարգանքի և մեծարանքի տուրք են մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը։
«Նոր Հայաստանի առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտելու նոր հերոսների։ Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր Զինված ուժերը, գեներալները։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում Հանրապետության նախագահը կոչումներ ու մեդալներ շնորհեց բազմաթիվ զինվորականների։ Հերոսներ են մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, բազմաթիվ պետական գործիչներ, բայց հերոսական համայնապատկերի ևս մեկ կարևոր շտրիխ էր պետք ավելացնել, դա աշխատող և արարող մարդու կերպարն է։ Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն համարձակություն իրենց ձեռքը վերցնել իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը։ Մենք քաղաքական հեղափոխությունը սկսել և իրականացրել ենք մի կարգախոսով, մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Այսօր, տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն ենք հղում քաղաքացուն, որ մեր երկրի տնտեսությունը, բանակը կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ երկիր, և Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր, որտեղ մարդիկ իրենք իրենց ձեռքերով ստեղծում են իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան »,-ընդգծեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ բարեկեցությունը բավարար է, որպեսզի լինի ապագա, և նրանք կերտում են այդ բարեկեցությունը։ «Դժվար էր 42-ից ընտրել մի քանիսին, նրանք բոլորն էլ մեր ժամանակի հերոսներն են։ Գլխավոր մրցանակակիրը հավաքական կերպարն է բոլոր մեր ժամանակների հերոսների, նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել՝ քաղաքից տեղափոխվել է գյուղ։ Նա մի մարդ է, որ, լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ անելիք չունի, հավատացել է իր ուժերին և ստեղծել ձեռնարկություն։ Այս մրցանակն այն ընտանիքներինն է նաև, որոնք չեն սահմանափակում իրենց կանանց կամ մայրերի ինքնադրսևորվելու հնարավորությունը։ Այս մրցանակը նաև խորհրդանշում է մեր ժողովրդի ստեղծարարության հավաքական կերպարը»,- նշեց ՀՀ վարչապետը։