
Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մրցանակների արժանացածներին կհրավիրի Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար: Այս մասին Բակո Սահակյանն ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում:
«Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք է: Եվ այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այդ մրցանակաբաշխությանը՝ մտահաղացում է առաջացել, մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին հրավիրելու եմ մեր հայրենիքի արցախյան հատված ու նորից մեծարելու եմ նրանց: Այսկերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այս կերպ է պետք սիրել հայրենիքը: Ես նաև Արցախում իբրև հնարավորություն եմ օգտագործելու՝ խորանալու, հասկանալու, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին, և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,- ասաց Սահակյանը:
Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության տոնի առիթով՝ ցանկանալով, որ հաջողությունն ուղեկից լինի հայրենաշինության ճանապարհին: