
Մենք էլ մեր հերթին ենք կնպաստելու հայրենիքի շենացմանը. Սիմոն Մարտիրոսյան

Ծանրամարտի Հայաստանի ընտրանու անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյան շնորհավորել է Հայաստանի անկախության 28-րդ տոնի առթիվ:
«Սեպտեմբերի 21-ը արդեն 28 տարի է ինչ տոն է հայերիս համար։ Դա մի օր է, երբ մեր պետությունը նոր ծնունդ առավ եւ դարձավ Հայաստանի անկախ Հանրապետություն: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առիթով՝ մաղթելով որ մեր հայրենիքը օր օրի ավելի ծաղկի, դե իսկ մենք էլ մեր հերթին կնպաստենք նրա շենացմանը և Հայաստանի դրոշը միշտ ամենաբարձր դիրքում պահելու ազգանվեր գործին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: