Լիլիա Շուշանյանը հաճելին համատեղել է օգտակարի հետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում կարդում ենք, որ Միացյալ Թագավորություն ուսուցողական այցի շրջանակում Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ, նախարարի` մասնավորապես հանքարդյունավետության ոլորտը համակարգող տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում (BEIS Department)։ Ուսուցողական այցի հիմնական նպատակն իրական սեփականատերերի բացահայտման ՄԹ-ի առաջավոր փորձի ուսումնասիրությունն է։

Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։

Լավ է, իհարկե, որ փոխնախարարը ձգտում է տեղյակ լինել ոլորտային նորարարություններից ու, հուսով ենք, դրանք լավագույնս ու արդյունավետորեն կկիրառվեն ՏԿԶ նախարարության ոլորտային կառավարման ժամանակ, սակայն նկատեցինք, որ Ամուլսարյան թնջուկի այս բարդ ժամանակահատվածում, երբ երկրում բնապահպանական լուրջ խմորումներ են եռում, բանը հասել է դասադուլների ու գործադուլների, հարցի շուրջ լուրջ տարաձայնություն կա նաև իշխող ուժի ներսում, փոխնախարար Լիլիա Շուշանյանը բավականին լավ տրամադրություն ունի ու հաճելին համատեղել է օգտակարի հետ:

Իր ինստագրամյան էջում վերջինս Լոնդոնի Քենսինգթտոն պարկից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որում նկատելի է, որ փոխնախարարը բավականին լավ ժամանակ է անցկացրել Միացյալ Թագավորության մայրաքաղաքում:

Հուսանք` նույնքան լավ ժամանակ են անցկացրել նաև պատվիրակության մյուս անդամները:

Ինչևէ, նախարարության մամլո խոսնակ Արմինե Մուրադյանից տեղեկացանք, որ պատվիրակությունն արդեն վերադարձել է:

Արմինե Վարդանյան

Տեսանյութեր

Լրահոս