
Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում տոնական և միջոցառումներով հագեցած օր է սպասվում

Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար կլինի տոնական և առանձնացող:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին զինվորների օրակարգը, ինչպես նաև սննդակարգը տոնական է լինելու, ինչպես նաև զորամասերում անց են կացվելու տարատեսակ միջոցառումներ:
«Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք: Զորամասերի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ տարին հոբելյանական չէ:
2019 թվականի սեպտեմբերի 21-ին տոնական միջոցառումներն անց են կացվելու Գյումրիում:
«Գյումրու զորամասերում նույնպես տոնական միջոցառումներ են անցկացվելու, և Կառավարության կողմից զինվորականների ընդունելություն է սպասվում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը: