«Սա կլինի նրանց բանակցոությունների մասը». Ալեքսանդր Սկակովը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման և Բաքվի առաջարկի մասին
«Նախարարների վերջին ամիսների բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվում են հարցեր, որոնք պետք է ընկալել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու փաթեթի մաս: Ուստի պատահական չէ, որ այս քննարկումը հրապարակային դաշտ է դուրս գալիս կամ բացվում նախարարների հանդիպումից առաջ: Կարծում եմ՝ սա կլինի նրանց բանակցությունների մասը: Կարելի էր ակնկալել, որ նման նախաձեռնություններ կլինեն, և հատկապես, երբ առաջինը եղավ հայկական կողմի դրդմամբ, սա էլ ադրբեջանական առաջարկն է ըստ էության»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու Բաքվի առաջարկին: Ըստ Սկակովի, բնականաբար, կողմերն իրենք են որոշում, թե ինչ սկզբունքով են իրականացնում այս գործընթացը:
«Անկախ նրանից, թե կոնկրետ այս նախաձեռնությունն ինչպես կավարտվի, իհարկե, դրական կլինի, որպեսզի քննարկումների ընթացքում կողմերը համաձայնության գան, սակայն ես այն համոզմանն եմ, որ սա ժամանակավոր գործընթաց է, և կարծես կողմերը, բացի այն, որ ցանկանում են վերադարձնել սեփական քաղաքացիներին, չունենալով հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք և հնարավորություն, ստեղծել են այս բովանդակությունը շարունակելու համար բանակցային գործընթացը, քանի որ նախկինում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է բանակցային «թելը» կտրվում բանակցությունների բացակայության պայմաններում:
Իհարկե, մենք բանակցությունների բովանդակության մասին միայն կարող ենք ենթադրել, դրանք տեղի են ունենում փակ դռների ետևում, բայց այնուամենայնիվ տպավորությունն այդպիսին է: Ըստ իս, լավ է, երբ կողմերը հանդիպում են, քննարկում են նման հարցեր, բայց ես չեմ կարծում, թե սա գործընթացը տանում է դեպի կարգավորում, հեռու եմ կարծիքից, որ կողմերը պատրաստ են քննարկել կարգավորում և արդյունավետ բանակցային գործընթաց վարել ներկայումս»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: