
Depeche Mode վավերագրական ֆիլմն ամբողջ աշխարհում կցուցադրեն նույն օրը

Depeche Mode բրիտանական ռոք-խմբի մասին պատմող Spirits of the Forest վավերագրական ֆիլմը 70 երկրների կինոթատրոններում կցուցադրեն միայն նոյեմբերի 21-ին: Այդ մասին հայտնել է NME-ն՝ վկայակոչելով խմբի թվիթերը:
«Ես շատ եմ հպարտանում նրանով, որ այս ֆիլմի ու այն հզոր պատմության մասնակիցն եմ, որը ներկայացնում է կինոնկարը: Զարմանալի է տեսնել, թե երաժշտությունն ինչպես է ազդել մեր երկրպագուների կյանքի վրա»,-նախագիծը մեկնաբանել է խմբի ֆրոնտմեն Դեւիդ Գաանը:
Ֆիլմը նկարահանել է նիդեռլանդացի ռեժիսոր եւ խմբի վաղեմի բարեկամ Անտոն Քորբեյնը: Բացի համերգների նկարահանումներից, Spirits of the Forest ֆիլմում տեղ են գտել Depeche Mode-ի մի քանի երկրպագուների կյանքի պատմությունները, որոնց 2017 թվականին նկարահանել են Global Spirit Tour-ի եզրափակիչ շոուների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: