Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում 2801-ամյա Երևանում կայանալիք իր համերգին
Լեգենդար Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երևանում կայանալիք իր առաջին համերգին: Մեծամասշտաբ իրադարձությունը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին Silk Note Festival-ի շրջանակում:
«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջևում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգևորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երևանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,- նշում են Jamiroquai-ի արտիստները:
Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:
1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույս ընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն: Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը, խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ, հետևողական կերպով ապացուցելով, որ Jamiroquai-ն մեր ժամանակների ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է:
Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:
Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:
Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Jamiroquai խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։