
«Թբիլիսոբա 2019»-ի տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը

Վրաստանի մայրաքաղաքի «Թբիլիսոբա 2019» տոնը կկայանա հոկտեմբերի 5-ին եւ 6-ին, այդ մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում։
Քաղաքի օրը՝ «Թբիլիսոբան», որը նվիրված է Թբիլիսիին եւ բերքահավաքին, ամեն տարի ընդգրկում է միանգամից մի քանի վայրեր քաղաքի կենտրոնական շրջաններում՝ Ռիկե պուրակը, Դեդաենա զբոսայգին, Եվրոպայի հրապարակը, Բարաթաշվիլիի փողոցը եւ Առաջին Հանրապետության հրապարակը: Սկսած 2018 թվականից «Թբիլիսոբան» ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին, այլ ոչ թե ամսվա վերջին, ինչպես ավելի վաղ ընդունված էր:
Կալաձեի խոսքով՝ այս տարի Վրաստանի մայրաքաղաքի տոնը համընկել է Թբիլիսիի Միջազգային թատերական փառատոնի եւ Վրաստանում «Բրիտանական սեզոնի» անցկացման հետ, որը նախատեսում է 60-ից ավելի միջոցառումների անցկացում գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ գործարարության ոլորտում:
«Թբիլիսոբան» նշվում է 35-րդ անգամ: Առաջին անգամ Քաղաքի օրը նշվել է 1979 թվականի հոկտեմբերին: Վրաստանի պատմության բարդ սոցիալ-տնտեսական շրջանի պատճառով1989-ից մինչեւ 1994 թվականը տոնը չի նշվել, հաղորդել է Sputnik-ը: