Պլաչիդո Դոմինգոն հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը (ՊԱՄԹ) նոր ստեղծագործական տարում հանդիսատեսներին խոստանում է առնվազն տասը պրեմիերա, ինչպես նաեւ ականավոր իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի դեբյուտը, որն առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
«Առաջիկա 244-րդ սեզոնի պլանները հայտարարվել են դեռ ապրիլին, բայց այն ժամանակ մի քանի իրադարձություն վաղաժամ կլիներ ազդարարել: Ես նկատի ունեմ Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությունը մեր օպերային բեմադրությանը: Այժմ պարտավորագիրն ստորագրված է, եւ այդ մասին կարելի է խոսել հրապարակավ»,-ասել է Ուրինը: Նա տեղեկացրել է, որ Դոմինգոն կերգի Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայում:
«Նա կկատարի Ժերմոնի դերերգը: Ես լսել եմ նրա այդ դերերգը. Դա, իմ կարծիքով, հիանալի է»,-նշել է ՊԱՄԹ-ի գլխավոր տնօրենը: Նրա խոսքով՝ Դոմինգոն կմասնակցի «Տրավիատա»-ի երկու ներկայացման, որոնք պլանավորված են 2020 թվականի ապրիլի վերջին: «Դոմինգոն Մեծ թատրոնի բեմում ելույթ է ունեցել համերգներում, բայց բեմադրության մեջ կերգի առաջին անգամ»,-ընդգծել է Ուրինը: